Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի ղեկավարությամբ անցկացրեց առաջին մարզումը Շվեյցարիայում:

Հավաքականի մարզմանը մասնակցում էր 25 ֆուտբոլիստ: Չվերթների ուշացման պատճառով Գևորգ Ղազարյանը և Հովհաննես Համբարձումյանը չէին հասցրել ժամանել Սեն Գալեն մինչեւ մարզումը:


Մնացած ֆուտբոլիստները մասնակցեցին թիմային մարզմանը, բայց նրանցից 3-ը՝ Վբեյմար Անգուլոն, Նորբերտո Բրիասկո Բալեկյանը և Հակոբ Հակոբյանը, մարզման տարբեր ժամանակահատվածներում աշխատում էին անհատական ծրագրով ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոյի և ֆիզիոթերապևտ Պաբլո Լյանեսի վերահսկողությամբ, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Հակոբ Հակոբյանը և Վբեյմար Անգուլոն մի քանի օր առաջ են ապաքինվել վնասվածքից, իսկ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը երկարատև թռիչքից հետո մարզվում էր ավելի խնայողական ռեժիմով:

Մարզումից հետո տեղի ունեցած երկկողմանի հանդիպման ժամանակ մի շարք ֆուտբոլիստներ փորձարկվեցին տարբեր դիրքերում, մարզիչները դիտարկեցին տակտիկական տարբեր սխեմաներ:

Մարտի 23-ին Հայաստանի հավաքականը կանցկացնի ևս մեկ մարզում Ուցվիլի խաղադաշտում:

Հիշեցնենք, որ Լիխտենշտեյն - Հայաստան հանդիպումը տեղի կունենան մարտի 25-ին Վադուց քաղաքի «Ռեյնպարկ» ստադիոնում:

Ֆոտո՝ ՀՖՖ