Նոր իրավիճակը ենթադրում է Հայաստանի և Ռուսատանի միջև ռազմաքաղաքական նոր պայմանագրի ստորագրում, հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցութան պատգամավոր Միքայել Մելքումյանը «Հայ-ռուսական ռազմավարական դաշինքի արդիական խնդիրները ի դեմս ժամանակակից մարտահրավերների և սպառնալիքների» քննարկման ժամանակ։

Նրա խոսքով, Ռուսաստանը դադարեցրել է պատերազմը Արցախում, և ռուսական ներկայությունը տարածաշրջանում պետք է ամբողջությամբ վերականգնվի։ «Ես կարծում եմ, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է ներառվեն շատ քաղաքական ուժերի ծրագրերում», ասել է Մելքումյանը։

Բարգավաճ Հայաստանը, փաստորեն, հռչակել է իր նախընտրական ծրագիրը․ «ռուսական ներկայության ամբողջական վերականգնում տարածաշրջանում»։ Ի՞նչ է նշանակում այս ձևակերպումը։ Ավելի վաղ որոշ կուսակցություններ աջակցել են «Հայաստանի միացմանը Ռուսաստանի և Բելառուսի հետ միութենական պետությանը» ։

Զգացվում են հայ հասարակության հստակ հարցումներ մեր ինտեգրացիոն կապերը ամրապնդելու վերաբերյալ, հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը մարտի 19-ին նույն քննարկումների ժամանակ։ Նա ավելացրել է, որ ի հայտ են գալիս համապատասխան գաղափարներ, շարժումներ, քաղաքական ուժեր, որոնք մտադիր են կյանքի կոչել այդ գաղափարները։

«Դրանից կախված են մեր երկրների սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարները և անվտանգության ապահովման հեռանկարը, որը շատ կարևոր է, այդ թվում մեր ժողովուրդների մշակութային և հոգևոր նույնականության պահպանման գործում» , – պարզաբանել է Կոպիրկինը։

Փաստորեն, դեսպանը պնդում է, որ Ռուսատանը այսուհետ պատրաստ է երաշխավորել Հայաստանի անվտանգությունը, միայն եթե «ամրապնդվեն ինտեգրացիոն կապերը»։ Ի՞նչ տեղի կունենա հակառակ դեպքում, եթե Հայաստանը ընտրի խորհրդարանական ուժեր, որոնք չցանկանան «սերտ ինտեգրում Ռուսաստանի հետ»։ Սա ուղիղ միջամտություն է Հայաստանի ընտրական գործընթացներին և ինքնիշխանության տապալման փորձ ինկորպորացիայի ճանապարհով։

ԵՏՄ համալսարանի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը բողոքել է այդ քննարկումների ժամանակ, անելով անհեթեթ պնդումներ․ «Պարզվեց, որ Հայաստանի, Ռուսաստանի և Արցախի ռազմական դաշինքն անարդյունավետ էր, կարելի է ասել, բացակայում էր, ինչը չի կարելի ասել հակառակորդի դաշինքի մասին։ Մեր դաշինքը չուներ ընդհանուր նպատակներ, ընդհանուր թշնամու ընկալում և պատերազմելու ռազմավարություն։ Հայաստանը չուներ ռազմական պարտավորություններ Արցախի նկատմամբ, չուներ ռազմավարական պայմանավորվածություններ ՌԴ հետ, այդ պատճառով Մոսկվան չուներ հստակ պարտավորություններ Երևանի հանդեպ», ասել է նա։

Նրա համոզմամբ, Հայաստանն ու Ռուսաստանը ռազմական դաշինքի վերանայման կարիք ունեն, իսկ դրա համար անհրաժեշտ է համապատասխան տեսքի բերել քաղաքական համակարգը, քանի որ անհնար է կնքել նոր դաշինք, երբ Հայաստանում գործում է Անվտանգության խորհուրդ, որը խոչընդոտում է այդ դաշինքի զարգացմանը։ Երբ այնտեղ կան մարդիկ, ովքեր առաջնային են համարում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը, ասել է Լեպեխինը։

Նա համարում է, որ Մոսկվան պետք է լրատվամիջոցների միջոցով բարոյապես աջակցի «բարեկամ» քաղաքական ուժերին։ Փորձագետը արձանագրել է, որ ընդդիմության (ինչպես և իշխանության) զգալի մասը արտահայտում են Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավվելու ցանկություն, այդ պատճառով պետք է տեսնել և հասկանալ, ով է դա անում անկեղծորեն, և ով է զբաղված դատարկախոսությամբ։

Ռուս պաշտոնյաներն ու փորձագետները բացահայտ խոսում են Հայաստանի ներքին գործերին ուղիղ միջամտության եւ Հայաստանի ինքնիշխանության տապալման մասին։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/03/21/628847/