Lragir.am-ը գրում է. Հայաստանում սկսել է «հետպատերազմյա նորմալացման» փուլը. բոլորը տարվել են այսպես կոչված ընտրությունների, նոր ու հին օրենսգրքերի, ընտրությունը նորով, թե հնով անելու եւ այլ թեմաներով: Հետպատերազմյա առաջին փուլի Նիկոլ-17 թամաշայով եւ Իսկանդեր-ԳՇ սկանդալով տեղի ունեցավ Մոսկվայի լիարժեք վերահսկողության հաստատումը Հայաստանում: Կրեմլից հայտարարեցին, Հայաստանում ՌԴ դեսպանն էլ կրկնեց, որ Հայաստանում բոլորն իրենցն են եւ կարող են զբաղվել ներքին հարցերով, պայմանով, որ դա «չազդի Ղարաբաղում իրավիճակի վրա»:
Մոսկվան փորձում է չոր դուրս գալ այս պատմությունից: Նոյեմբերի 9-ից առաջ եւ հետո պատերազմի հանգամանքների խնամքով կառուցված վարկածը, որը երկրորդում էին հայաստանյան քաղաքական ուժերի ու զլմ-ների գերակշիռ մեծամասնությունը, արդյունք չտվեց թե Ռուսաստանի վարկի, թե Հայաստանում համապատասխան զարգացումների առումով: Բանն այն է, որ ռուսական քարոզչությունը խորհրդային ավանդույթի ուժով ընկալվում է հակառակ իմաստով, եւ հայ հանրության զգալի մասի մոտ հենց այդպես էլ ընկալվեց:
Հարկ էր փոխել քարոզչությունը եւ անցնել «փափուկ ուժի» ուղիղ կիրառմանը: Ռուսաստանը տարբեր մակարդակներով մի շարք խոստովանություններ արեց պատերազմը նախաձեռնելու, հայերի հաղթանակը թույլ չտալու, խաղաղապահների մուտքի պայմանների, սպառազինության եւ այլնի մասով: Միեւնույն ժամանակ, դա ուղեկցվում է թուրքական սպառնալիքի գեներացմամբ, առավել եւս, որ այդ սպառնալիքն իրական է: Հայաստանի ներքին կյանքին ուղիղ միջամտությունն արտահայտվեց ՌԴ դեսպանի ելույթում, որտեղ նա բաց հանձնարարականներ տվեց Հայաստանի ներքին քաղաքական առաջիկա դասավորության, Ռուսաստանի հետ «ինտեգրացիայի խորացման», «մեր ժողովուրդների» նույնության վերաբերյալ: Դեսպանի ուղերձին անդրադարձել ենք, առաջիկայում առավել մանրամասն կանդրադառնանք դրանց:
100 տարվա մեջ Ռուսաստանը երկրորդ անգամ է «վերադառնում» Հայաստան ու Կովկաս Հայաստանի տարածքների ու արյան հաշվին: 100 տարի առաջ դա բացատրվեց սոցիալիստական ինտերնացիոնալով (հայերը հանուն ինտերնացիոնալի զոհասեղանին դրեցին ամենաթանկը՝ իրենց տարածքները, գրում էր Պրավդա թերթը), ներկայում՝ ռուս-թուրքական եղբայրությամբ ու էթնո-քաղաքական ընդհանրություններով: Հանուն դրա՝ հայերը պետք է մոռանան իրենց պահանջները, այլապես դա ինքնասպանություն կլինի՝ Պուտին, նոր պատերազմ կլինի նոր կորուստներով՝ Կրեմլի փորձագիտական խումբ:
Հայաստանում հինգերորդ շարասյան ստեղծումով եւ սպառնալիքներով Մոսկվան փորձում է այս անգամ էլ չոր դուրս գալ այս պատմությունից, «ավելի խոր ինտեգրացիայի եւ մեր նույնության» անվան տակ:
Հայաստանում համաձա՞յն են: Բաղրամյան դատարկ պողոտան ու Նիկոլի հավաքները ցույց են տալիս, որ հանրությունը մեծ մասով մերժում է ռուս-թուրքական ծրագրերն ու դրանց սպասարկուներին: Ռուսաստանը չպետք է չոր դուրս գա այս պատմությունից. սկզբի համար՝ Արցախի 1994 թ. սահմաններին վերադարձը եւ Նախիջեւանի վերաինտեգրումը Հայաստանին:
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/03/23/629268/