Ռուսական Коммерсантъ պարբերականն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի` հրաժարականի մասին հայտարարությանը` ընդգծելով, որ նա դա անում է «միայն իշխանության ղեկին մնալու համար»:
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ հայտարարել է իր հրաժարականի ժամկետը. նա մտադիր է դա անել ապրիլին: Ճիշտ է, նման քայլն ամենևին չի նշանակում, որ նա հեռանում է քաղաքական բեմահարթակից․ հրաժարականը պետք է միայն արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու համար:
Արմատական ընդդիմության ներկայացուցիչներն ընդունել են վարչապետի մարտահրավերը՝ հայտարարելով, որ արտահերթ ընտրությունները պետք է վերածվեն «դավաճանի հեռացման և հայրենիքի փրկության ծրագրի»»,-գրում է պարբերականը։
«Ընդ որում, վարչապետի հրաժարականը բարդ, բայց անխուսափելի ճանապարհ է ընտրությունների նշանակման գործընթացն իրականացնելու համար։
Ըստ էության, սա քաղաքական մանիպուլյացիա է: Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո, խորհրդարանը, որտեղ նրա կողմնակիցները մեծամասնություն են կազմում, 2 փորձ է անելու՝ նշանակել կառավարության նոր ղեկավար:
Բայց նրանք կձևացնեն, թե չեն տեսնում արժանի թեկնածուների, որից հետո խորհրդարանը կինքնալուծարվի։
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին հայտարարությունից առաջ Հայաստանում ևս մեկ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ։ Աղմկահարույց քրեական գործը, որի շրջանակներում պարոն Փաշինյանի հիմնական քաղաքական մրցակիցը՝ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ևս մի քանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ մեղրվում են «սահմանադրական կարգի տապալման մեջ», հայտնվել է փլուզման եզրին։
Դա տեղի է ունեցել երկրի Սահմանադրական դատարանի ուրբաթօրյա որոշման արդյունքում, որը քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը համարեց հիմնական օրենքին հակասող:
Քոչարյանի փաստաբանները նշում են, որ այժմ իրենց պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի: Եթե դա տեղի ունենա, վարչապետ Նիկոլ Փաշինյանին մարտահրավեր նետած նախկին նախագահ Քոչարյանը, փորձագետների կարծիքով, լիարժեք կերպով կմտնի նախընտրական մրցավազքի մեջ, ընդ որում՝ քաղաքական պայքարի առաջին փուլի հաղթողի կարգավիճակով»։