Պետական բյուջեի եկամուտները առաջին եռամսյակի տվյալներով գերակատարվել են ավելի քան 20 մլրդ դրամով, եւ առեւտրի շրջանառությունը առաջին եռամսյակի տվյալներով եւ մարտ ամսվա տվյալը առանձին վերցրած, էական աճ է արձանագրել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 1-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն իր հերթին մանրամասնեց. «Մարտին յապխորդ տարվա մարտի համեմատ ՀԴՄ-ներով եւ հաշվարկային փաստաթղթերով գործարքների քանակն ավել է 8,647 մլն հատով, որը նախորդ տարվա համեմատ տարբերությունը կազմում է 122 մլրդ դրամ: Եռամսյակային կտրվածքով իրացման շրջանառության տարբերությունը կազմում 116,8 մլրդ դրամ, գործարքների թվով 6,2 մլն հատ: Հարկային եկամուտների մասով նշեմ, որ առաջին եռամսյակի համար սահմանված է եղել 305 մլրդ դրամ, փաստացի հավաքագրվել է 332,9 մլրդ դրամ: դրական տարբերությունը կազմում է 27,9 մլրդ դրամ, սակայն հաշվի առնելով, որ դրա մեջ ներառված է նաեւ դրոշմանիշների գծով մուտքերը, որոնք կազմել են 5,6 մլրդ դրամ, հարկային եկամուտների գերակատարման փաստացի արդյունքը կազմելու է 22,3 մլրդ դրամ»:


Նիկոլ Փաշինյանն ամփոփելով ասվածը, նշեց. «Այսպիսով առեւտրի շրջանառության ծավալն առաջին եռամսյակում աճել է ավելի քան 8 տոկոսով: Մարտ ամսին աճը կազմել է ավելի քան 20 տոկոս: Բյուջեի հարկային եկամուտները պլանավորվածից գերակատարվել են 22,3 մլրդ դրամով: Առաջին եռամսյակի արդյունքներով Ֆինանսների նախարարությունն առաջարկում է, որ մենք պետական բյուջեի եկամուտների կանխատեսումն ավելացնենք 40 մլրդ դրամով: Սա բավականին լավ ցուցանիշներ են ճգնաժամային, հետպատերազմական տարվա համար»: