«Սիրելի մայրեր, դուստրեր, քույրեր,
Սիրելի կանայք,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ:
Արդեն երկու տարի անընդմեջ այս տոնը մենք անցկացնում ենք բարդ ժամանակաշրջանում. նախ համավարակը, ապա նաեւ Արցախի դեմ սանձազերծված պատերազմը բոլորիս պահեցին տագնապի եւ ցավի մեջ: Այս ծանր ժամանակաշրջանում դուք ձեր ուժով եւ էներգիայով կարողանում եք գոտեպնդել ձեր ընտանիքներին, մտերիմներին, միմյանց, ինքներդ էլ մնալ ամուր` ձեր ուսերին կրելով ծառացած խնդիրների ու դժվարությունների ծանր բեռը՝ տանը, ռազմի դաշտում, բուժհաստատությունում, ուսումնական հաստատությունում, աշխատանքային եւ հանրային ցանկացած ոլորտում, որտեղ գործունեություն եք ծավալում։
Սիրելի մայրեր,
խոնարհվում եմ ձեր առաջ՝ այն դաստիարակության եւ կրթության համար, որ դուք տալիս եք ձեր զավակներին` մեր երկրի արժանի քաղաքացիներին։ Խոնարհումի առանձնակի խոսքեր եմ հղում Արցախյան պատերազմներում նահատակված մեր եղբայրների մայրերին, կանանց, քույրերին ու դուստրերին:
Հասկանում եմ, որ ոչինչ չի կարող սփոփել ձեզ, բայց եւ վստահ եմ՝ ուժեղ, ծաղկուն, ինքնավստահ ու զարգացող հայրենիքն է, որ պիտի սպեղանի դառնա ձեր վերքերին:
Սփոփանքի խոսքեր եմ հղում մեր գերեվարված հայրենակիցների մայրերին, կանանց, դուստրերին եւ քույրերին. մենք ամեն հնարավորն արել եւ անում ենք՝ մեր եղբայրներին հայրենիք վերադարձնելու համար: Ցավով եմ հիշում, որ մեր գերեվարված հայրենակիցների մեջ դեռեւս կին կա, եւ իմ ցավը թող ուժ ու կորով դառնա նրա ու մեր բոլոր գերեվարված հայրենակիցների համար՝ միասին հաղթահարելու այս փորձությունը:
Սիրելի կանայք,
համոզված եմ, որ միասին՝ ուս ուսի տված, կկարողանանք մեր երկիրը ոտքի կանգնեցնել` աշխատելով հանուն զարգացող, շենացող ու առաջ նայող Հայաստանի ու Արցախի։
Վստահ եմ` որեւէ դժվարություն չի կարող ընկճել ձեզ։ Հայրենիքը շեն ու բարեկեցիկ, ազատ ու երջանիկ տեսնելու մեր ոգին երբեք չի հանձնվի: