Երեկ պաշտոնից ազատվեց վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանը, որն ապրիլյան պատերազմի ժամանակ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնն էր զբաղեցնում։ Նրա նշանակումն այդ պաշտոնին՝ 2018 թվականի դեկտեմբերին, մեծ աղմուկ բարձրացրեց, քանզի նա նախկինների կարկառուն ներկայացուցիչներից էր։ Ավելին՝ պաշտոնից ազատվել էր 2016-ի ապրիլյան պատերազմից հետո, Սերժ Սարգսյանի օրոք, ապրիլյան պատերազմի ժամանակ հետախուզության ոլորտում թույլ տված լուրջ թերացումների համար։ Երեկ նա անհասկանալի պատճառներով ազատվեց պաշտոնից։
Երբ զանգահարեցինք նրան, ներկայացանք՝ լրագրող է անհանգստացնում, ուզում ենք իմանալ՝ ինչո՞ւ է ազատվել վարչապետի խորհրդականի պաշտոնից, Կարապետյանը կարճ ասաց․ «Իզուր եք անում, ես մի քիչ զբաղված եմ», ու անջատեց հեռախոսը՝ չլսելով անգամ դիտարկումը, թե արդեն ազատվել է պաշտոնից, ինչո՞վ է զբաղված։ Երեկ արդեն լուրեր էին շրջանառվում, որ Կարապետյանին ազատել են, որպեսզի ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ կամ ԳՇ պետի տեղակալ նշանակեն։
Արշակ Կարապետյանը, հիշեցնենք, բավականին մութ պատմությունների կիզակետում է եղել, նրա մասին մամուլում քանիցս գրվել է, որ նա զինված ուժերում պաշտոն զբաղեցնելուն զուգահեռ՝ զբաղվել է բիզնես գործունեությամբ, իր կամ մերձավորների հիմնած ընկերությունների համար պետական տենդերներ դասավորելով։ Իսկ այս իշխանությունների կողմից անսպասելիորեն գնահատվել է միայն մեկ «արժանիքի» համար՝ նա ԶՈւ այն պաշտոնյան է եղել, որը Մարտի 1-ի գործով ցուցմունք է տվել հօգուտ այս իշխանությունների, այսինքն՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի եւ մյուսների։ Եվ իր մատուցած այս թանկարժեք ծառայության դիմաց էլ «պարգեւատրվել է»՝ 2018-ի դեկտեմբերին նշանակվելով վարչապետի խորհրդական։ Երկու տարի անց պարզվեց՝ չկա Մարտի 1-ի գործ, եւ Արշակ Կարապետյանի տված ցուցմունքն էլ առոչինչ է։ Բայց նման անգնահատելի կադրերը միշտ պետք են, եւ նա, անշուշտ, կհանգրվանի մի նոր աթոռի։
Հիշեցնենք, որ երեկ առաջին ատյանի դատարանը, ի կատարումն Սահմանադրական դատարանի որոշման, կարճեց Մարտի 1-ի գործը եւ վերացրեց քրեական հետապնդումը գործով անցնող ամբաստանյալների նկատմամբ։
Աղբյուր՝ https://hraparak.am/post/4ad81216ba982a92e63fff0802c5374b