Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց Հայաստանի հավաքականի առաջին ներկայացուցիչ, 81 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 346 կգ արդյունքով դարձավ B խմբի հաղթող:

21-ամյա հայ ծանրորդը հրում վարժությունում 196 կգ արդյունքով սահմանեց նաեւ երիտասարդների Եվրոպայի ռեկորդ: Պոկումը վարժությունը Հարությունյանը սկսեց 145 կգ-ով եւ հեշտությամբ պոկեց ծանրաձողը: Երկրորդ մոտեցման համար պատվիրված 150 կգ-ը երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոնը գլխավերերում պահեց, բայց մրցավարները չհաշվեցին քաշը: Երրորդ մոտեցմամբ երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիրը հաջողությամբ պոկեց 150 կգ-ը:


Հրում վարժությունը Հայաստանի ներկայացուցիչը սկսեց 187 կգ-ով եւ հաջողությամբ կատարեց առաջին մոտեցումը:

Երկրորդ մոտեցման համար ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը պատվիրեց 196 կգ, որը 21-ամյա ծանրորդը նույնպես հեշտությամբ հրեց եւ սահմանեց երիտասարդների Եվրոպայի ռեկորդ՝ մեկ կիլոգրամով գերազանցելով ռեկորդը:

Երրորդ մոտեցումից Ռաֆիկ Հարությունյանը հրաժարվեց, քանի որ երկամարտի 346 կգ արդյունքով գլխավորեց B խումբը:

A խմբի մրցման ավարտից հետո հայտնի կդառնա Ռաֆիկ Հարությունյանի վերջնական տեղը։

Ապրիլի 3-ից մեկնարկած Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից դեռեւս մասնակցել է միայն կանանց հավաքականի 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը, որը երկամարտի 195 կգ արդյունքով գրավել է չորրորդ տեղը։ Պոկում վարժությունում Յայլյանը 90 կգ արդյունքով արժանացել է փոքր արծաթե մեդալի։ Հրում վարժությունում բարձրացրել է 105 կգ։

Եվրոպայի առաջնությանը Հայաստանը 15 ծանրորդով է ներկայացել: Ապրիլի 8-ին հանդես կգան 89 կգ քաշայիններ Անդրանիկ Կարապետյանը եւ Կարեն Ավագյանը:

Ապրիլի 9-ին մրցահարթակ դուրս կգա կանանց հավաքականից Լիաննա Գյուրջյանը 81 կգ քաշայինների պայքարում, տղամարդկանց հավաքականից Հակոբ Մկրտչյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը 96 կգ քաշայինների պայքարում:

Ապրիլի 10-ին Հայաստանը կունենա 4 մասնակից՝ 87 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը, տղամարդկանց 102 կգ քաշային կարգի ներկայացուցիչներ Սամվել Գասպարյանն ու Արսեն Մարտիրոսյանը: Այդ օրը պայքարի մեջ կմտնի նաեւ Սիմոն Մարտիրոսյանը 109 կգ քաշային կարգում:

Ապրիլի 11-ին, առաջնության վերջին օրը մրցահարթակ դուրս կգան գերծանր քաշային կարգի ներկայացուցիչները՝ +87 կգ՝ Արփինե Դալալյանը, Գոռ Մինասյանը եւ Վարազդատ Լալայանը (+109 կգ):

Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար: