91 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկահայ ձեռնարկատեր, բարերար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Հրայր Հովնանյանը:

Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ մահախոսական է գրել ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, որը ներկայացնում ենք ստորև.

«Մեր ժողովրդին պատուհասած մեծ ցավերի մեջ մեկն էլ ավելացավ: Կյանքից հե­ռացավ հայ ժողովրդի արժանավոր զավակ, ազգային նվիրյալ, իր կյանքն ու գործը հայու­թյան ներկային ու ապագային նվիրած մեծ բարերար Հրայր Հովնանյանը:

Ես այն քչերից եմ, ովքեր քաջածանոթ են 1990-ից մինչև իր մահ­կա­նացուն կնքելը Հրայր Հովնանյանի հայրենանվեր բոլոր գործերին:

Դրանց մասին գուցե նաև ապագայում հատորներ գրվեն: Սակայն այսօր իսկ վստա­հաբար կարող ենք արձա­նա­գրել, որ, առանց Հրայր Հովնանյանի անձնուրաց մաս­նակ­ցության՝ չէր կայանա «Հայաստան» համահայկական հիմնադրամը, 90-ականների արցախյան հերոսամարտում դժվար կլիներ հասնել այն հա­ջողություններին, ինչը պատմական իրողություն է, Հայաստանը չէր ունենա անվտանգության այն երաշխիքները, որոնք ապա­հովվեցին նախորդ 25-30 տարիների ընթացքում, այն դերն ու դերակատարությունը չէր ունենա ԱՄՆ Հայկական համագումարը՝ որը Հայաստանի ու Արցախի շահերի պաշտպանության գործում ծանրակշիռ դերակատարություն է ունեցել և շարունակում է ունենալ, չէին իրականացվի տասնյակ այն ծրագրերը, որոնք վերաբերում են աղետի գո­տուն, Գորիս-Ստեփանակերտ մայրուղուն, Արցախի շենացմանը, հայ սերնդի ապագային ու կենսական անհրաժեշտության այլ հիմնախնդիրների լուծմանը:
Այս թվարկումները կարելի է երկար շարունակել:

Պարզապես ցանկությունս է, որպեսզի ժամանակակից սերունդը ճանաչի իր լե­գենդներից մեկին, ում կյանքն ու գործն իմաստավորվել է հայրենիքին ու ժողովրդին անձնու­րաց ծառայելով:

Սփյուռքահայերից շատերն են հայրենաշինության գործին իրենց մասնակցու­թյամբ հարգանքի արժանացել: Հրայր Հովնանյանը նույնիսկ նրանց մեջ առանձ­նա­հատուկ դերակատարություն ուներ: Նա առաջին մեծահարուստ հայն էր, ով Հայաստանում իր տունն ու օջախը կառուցեց և բնակություն հաստատեց Մայր հայ­րենիքում:

Վազգեն Սարգսյանը հաճախ էր նրան ասում. «Հրայր, դու մեզանից ավելի հայ ես, ի՞նչ էինք անելու, եթե դու մեր կողքին չլինեիր»:

Նա մայր հայրենիքի կողքին եղավ մինչև իր մահկանացուն կնքելը:

Գնաս խաղաղությամբ Մեծ հայ, անձնուրաց հայրենասեր, քո կյանքն ու գործը սրբագործված հուշարձան կդառնա հայ սերունդների համար:


Իսկ ինձ համար իմ մեծ եղբոր կորուստը դառնացած հոգուս մեջ դատարկության խոր վիհ բացեց…»: