ՀՀ կառավարությունը չի մեկնաբանում՝ ի վերջո, ո՞ւմ է երեկ Բաքվից տեղափոխել ռուսական ինքնաթիռը Հայաստանի Հանրապետություն։

«Հրապարակ» օրաթերթը գրել էր, թե ինքնաթիռը դատարկ չի եկել. Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ Հայաստան է եկել թուրք-ադրբեջանական պատվիրակություն։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը չի պատասխանում հեռախոսազանգերին։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Նժդեհ Հովսեփյանն Aysor.am-ին ասաց, թե գերիներին չվերադարձնելու վերաբերյալ հայտարարել են՝ գերիների վերադարձը հետաձգվել է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում։

Ինչ վերաբերվում է թուրք-ադրբեջանական պատվիրակությանը՝ Ավինյանի մամուլի խոսնակն ասաց, թե իրենք դրա վերաբերյալ մեկնաբանություն չեն կարող տալ։

«Հասցեատերը մենք չենք», — ասաց Հովսեփյանը։

Հիշեցնենք՝ երեկ «Էրեբունի» օդանավակայանում մեծ թվով գերիների հարազատներ սպասում էին իրենց որդիների վերադարձին, ինչը, սակայն, տեղի չունեցավ։ Դրանից հետո ծնողները հայտարարեցին՝ միանում են Պաշտպանության նախարարության շենքի առջև բողոքի ակցիա անող ծնողներին. անհայտ կորած զինծառայողների ծնողները ողջ գիշերն անցկացրել են նախարարության շենքի մոտ՝ փակ պահելով նախարարության մուտքերը։ ՊՆ-ից մինչ այս պահը որևէ մեկը չի մոտեցել ծնողներին։