Չինացի գիտնականները ստեղծել են նոր բարձր տեխնոլոգիական գործվածք, որը սմարթֆոնի պես կաշխատի, հայտնում է Good News Network-ը:

Ֆուդանի համալսարանի հետազոտությունները հանգեցրել են էկոլոգիապես մաքուր եւ կայուն գործվածքի մշակմանը, որը աշխատում է արեւի էներգիայով՝ բամբակի եւ հաղորդիչ ու լուսարձակող մանրաթելերի համատեղության հաշվին:


Գործվածքը կարող է օգտագործվել հագուստ ստեղծելու համար: «Սովորական պինդ նյութերը միշտ չէ, որ համատեղելի են տեքստիլի հետ, քանի որ դժվար է կանխել բնական դեֆորմացիան, որը տեղի է ունենում գործվածքների մաշվածության եւ լվացման ժամանակ»,- ասել է պրոֆեսոր Հուիշենգ Պենգը: «Այս գործվածքը ինտեգրված է սենսորային գործվածքների ստեղնաշարով եւ արեւային էներգիայի աղբյուրով»:

Հետազոտողները հուսով են, որ այս ֆուտուրիստական գործվածքը կօգտագործվի ավտովարորդների եւ հեծանվորդների անվտանգության բարձրացման համար՝ օգտագործելով թեւքի վրա դիսփլեյը որպես ուղղությունների եւ հաղորդակցությունների նավիգացիոն քարտեզ, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակներում բժշկական տեղեկատվություն պահելու համար:

Գիտնականները կարծում են, որ այս տնտեսական գործվածքը կարող է շուկայում հայտնվել արդեն հաջորդ տարի: