«Մեղրիի միջանցքի» թեման Հայաստանում իշխող քաղաքական մեդիա-դաշտը համառորեն հրամցնում է «Նիկոլ-թուրքեր դավադրության» կտրվածքով, մի կողմ թողնելով Ռուսաստանին։ Այնինչ, միջանցքը լույս աշխարհ է եկել Կրեմլի օրհնությամբ՝ Վլադիմիր Պուտինի հեղինակած Եռակողմ հայտարարությունից շաբաթներ անց: ՌԴ ՖՍԲ-ի վերահսկողությամբ հաղորդակցությունների բացումը, ինչպես նաեւ Սյունիքի մարզում «անվտանգության նոր համակարգի» կառուցման վերաբերյալ կառավարական հայտարարությունները հաստատում են, որ Ռուսաստանն ինքն է նախաձեռնության հեղինակը։ Մեղրիի շուրջ ծավալվող քարոզչական հնարքը ներգծվում է «Նիկոլը ոչ դավաճան (Պուտին), բայց միեւնույն ժամանակ թուրք (ընդդիմություն)» մոսկովյան բանաձեւի մեջ եւ լիովին արտահայտում է հայկական քաղաքական «կաթսայի» հիվանդագին, շիզոիդ վիճակը:


Նույն շարքից է Նիկոլը՝ թուրք, իսկ թուրքը ռուսի բարեկամ, ուրեմն ռուսը՝ հայի բարեկամ սիլոգիկ անհեթեթությունը: Այդուհանդերձ, հարկ է պարզել, թե ինչ խնդիր են լուծում «Նիկոլ-թուրքեր դավադրություն» քարոզողները: Միայն ձեւական տեսակետից է դա ընդդիմադիր պայքար։ Իրականում, դա Սյունիքի մարզի օտարման եւ «արցախացման» Ռուսաստանի գործողությունների լեգիտիմացման փորձ է, ավելի պարզ ասած՝ Հայաստանի մասնատման ու ինքնիշխանության ոչնչացման Ռուսաստանի քաղաքականության արդարացման եղանակ։ Ծավալուն քարոզչության երկրորդ նպատակը հանրության լիակատար ապակողմնորոշումն է տրամաբանության հիմնային կազմաքանդման միջոցով:


Նիկոլն այստեղ պատրվակ է խորքային նպատակները քողարկելու համար, ավելին՝ աշխատելով ռուսական շահերի սպասարկման ուղղությամբ՝ «ընդդիմադիր» շրջանակները նպաստում են Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանմանը եւ Հայաստանի դեմ ուղղված գործողություններին։ Այդպիսին է հայկական ներքաղաքական կառուցվածքի ռուսական մտահղացումը, որ իրականացվում է Հայաստանի դեմ ոչ կանոնավոր պատերազմի, մասնավորապես հոգեբանական, կամ «փսի» բաղադրիչի լայնածավալ կիրառումով՝ հայտնի լրատվամիջոցների կողմից։

Իրական ձեւակերպումը հստակ է՝ Ռուսաստան-Թուրքիա համաձայնություն ընդդեմ Հայաստանի, Նիկոլ Փաշինյանի առաջնային պատասխանատվությամբ: Պետք է նկատի ունենալ, որ Հայաստանի դեմ որեւէ ծրագիր հնարավոր է իրականացնել ներքին համապատասխան իրավիճակ ստեղծելով, Հայաստանի պարագայում՝ ռուսահպատակ իշխանություն եւ ընդդիմություն անբովանդակ դաշտի ձեւավորումով։ Ռուսաստանն արդեն մի անգամ սլիվ է արել ռուսահպատակ ընդդիմությանը, որը Կրեմլի կամ Պետդումայի դռնապաններից ստացած «արտահոսքերն» ընդունում էր որպես հրահանգ։ Նոր սլիվին քիչ ժամանակ է մնացել, դրանում կասկած չպետք է լինի։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/04/27/637744/