«Եթե Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը պնդում է, թե ինքը ստիպված էր ուսման վարձավճարները բարձրացնել դասախոսների աշխատավարձերն ավելացնելու նպատակով, ապա Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը հիմնադրամ է ստեղծում՝ վճարունակների հաշվին սոցիալապես անապահովների կրթությունը կազմակերպելու համար»,- գրում է «Հրապարակ» թերթը։ Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված։
-Պարոն Աթոյան, ուսման վարձավճարների դեմ պայքարն օրեցօր ավելի թափ է հավաքում, մոտենում է սեպտեմբերը, կմիանան նաև մյուս ուսանողները, ի՞նչ հետևություն եք անելու ակտիվիստների պայքարից, հնարավո՞ր է վերանայվի որոշումը։
-Առաջին կուրսը դեռ ուսանող չի, երկրորդն էլ՝ նրանք չեն բողոքում... Ես կարծում եմ, որ քաղաքացիական շարժումը պետք է ուսումնասիրի՝ ինչ պատճառով է բարձրացել վարձը, հետո նոր բողոքն արտահայտեն, եթե իմ ծրագիրը նայեք՝ ինչի համար եմ ես բարձրացնում, կարծում եմ, պետք է խրախուսեին, ոչ թե բողոքեին։ Դուք տեղյա՞կ եք վարձերի բարձրացման արդյունքում եկած գումարների ծախսերի նպատակից։
-Իսկ ի՞նչ նպատակով են ծախսվում։
-Օրինակ, ավելացած գումարն ինչ նպատակի պետք է ծախսել, որ արդյունավետ լինի այս պահին։ Դրա համար ես առաջարկում եմ, որ ծանոթանան իմ ծրագրի հետ, որի մասին ես հեռուստացույցով էլ եմ ասել, որ դա շահույթի նպատակով չէ, ոչ էլ պարզապես ծախսելու։ Ես ասել եմ՝ իմ բարձրացրած ուսման վարձերն ամբողջը գնալու են սոցիալական խնդիրների լուծմանը, սրանից սոցիալապես անապահովն ավելի շահելու է, քան ցածր ուսման վարձի դեպքում։ Ես կարծում եմ, որ դրանից օգտվելու է նաև առաջին կուրսի ուսանողը։ Կարծում եմ, որ բոլորին ընդունելի կլինի, քան վարձը չբարձրացնելը։
-Այսինքն, վճարունակ խավից հավաքելու եք, որ ապահովեք անվճարունա՞կ խավի կրթությունը։
-Մոտավորապես ֆոնդի պես։ Աշխարհի բուհերի պես, որ հիմնականում ֆոնդեր են, որտեղ սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձը 50 հազարից դառնա 5 հազար, տասը կամ անվճար։