Պատերազմում ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության արարքներին տրվելու են իրավական գնահատականներ՝ առանց բացառության։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Այն դիտարկմանը, որ հաղորդումներ են ներկայացվել, թե պատերազմում Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի կողմից ենթադրյալ դավաճանության մասին, այդ թվում՝ ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանի կողմից է եղել հաղորդում, Արթուր Դավթյանն ասաց, որ կան քրեական գործեր, այդ թվում՝ հենց Մովսես Հակոբյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործ։


«Ստուգման առարկա են ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության բոլոր արարքներն՝ առանց բացառության, բոլոր անձանց արարքներին տրվելու են իրավական գնահատականներ», - վստահեցրեց ՀՀ գլխավոր դատախազը։

Դավթյանը, սակայն, հրաժարվեց տվյալներ հրապարակել. «Դա կվնասի գործի քննությանը»։

Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ քրեական գործին՝ Գլխավոր դատախազն ասաց, որ գործը տեղից շատ է շարժվում. «Այդ քրեական գործով տասնյակներով քրեական հետապնդման ենթարկված անձինք կան։ Այդ գործով շատ մեծ ծավալներով տասնյակ հազարներով ընդգրկված անձինք կան, հազարավոր հարցաքննություններ են իրականացվել։ Քննության տվյալները պետք է ամբողջականացվեն, վերջում տրվի քրեաիրավական համարժեք գնահատական»։

Դատարանների անաչառ աշխատանքի վերաբերյալ էլ դատախազն ասաց. «Մենք ունենք մեծ թվով դատական ակտերի վիճարկումներ, ունենք աննախադեպ քանակի դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համապատասխան միջնորդություններ. հետեւությունները թողնում եմ ձեզ»։

Անդրադառնալով հաճախ շահարկվող իր շքեղ առանձնատան թեմային եւ հարցին՝ ինչո՞ւ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» շրջանակներում իր գույքին անդրադարձ չի կատարվում, Գլխավոր դատախազն ասաց. ««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» վարույթի համար օրենքով նախատեսված հիմքեր կան։ Ցանկացած մեկը կարող է ապացուցել։ Բարոյական առումով չունենալ իրավունք՝ մեկ ուրիշին ապօրինի գույքի մեղադրանք ներկայացնելու կամ գույքը բռնագանձելու»։