ՌԴ ԱԳ նախարար Լավրովի այցի նպատակը եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքի քննարկումն է, ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Եռակողմ պայմանավորվածությունները Հայաստանին պատերազմով պարտադրված Լավրովի պլանի իրականացումն է:


Հետպատերազմյա շրջանում Ռուսաստանը Հայաստանի դեմ ծավալել է հոգեբանական տոտալ պատերազմի նոր փուլը, որն ուղղված է հայկական ինքնության ոչնչացմանը: Եկեղեցի, լեզու, հիշողություն՝ ահա հիմնական թիրախները: Ակնայում և Ստեփանակերտում ռուսական եկեղեցիների և թուրքական մզկիթների կառուցումը, մայիսի 9-ի շքերթը, բազմաթիվ այլ գործողություններ նպատակ ունեն զրկել հայերին ու հայկական զինված ուժերին ինքնավստահությունից ու դիմադրունակությունից:


Ռուսաստանի այս քաղաքականության «պսակը» ապրիլի 28-ին Կրեմլի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ժխտումն էր: Դա նշանակում է, որ Մոսկվան, որն այդպիսով հատեց թշնամության բոլոր սահմանները, այլեւս կանգ չի առնելու, եւ Հայաստանի մասնատման ու ինքնիշխանության վերացման Լավրովի ծրագրի ընդլայնված կիրառումն ուղեկցվելու է սադրանքներով ու անկանոն պատերազմական գործողություններով:

Հայաստանի հանդեպ թշնամական այս քաղաքականությունն իրականացնող կառույցի՝ ՌԴ ԱԳՆ ղեկավարը Երեւանում վերջնագրեր է ներկայացնելու, որոնք վերաբերում են «եռակողմ պայմանավորվածությունների» անվերապահ կատարմանը, իսկ արդյունքների մասին մի քանի օրից զեկուցելու է Ալիեւին: Բոլոր ուղղություններով տապալված Մոսկվան բոլոր ուժերը կենտրոնացրել է Հայաստանի դեմ՝ գոնե մեկ հաղթանակ ունենալու համար: Սակայն Հայաստանում սպասվում է Ռուսաստանի վերջին ու ճակատագրական պարտությունը: