«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ վերջին ժամանակահատվածում կտրուկ փոփոխվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի եւ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի աշխատանքային ոճը: Երկուսն էլ դարձել են ամեն ինչի նկատմամբ անտարբեր, ավելին՝ ամեն ինչից անտեղյակ:
Բանն այն է, որ մինչեւ այս Մակունցն ու Սիմիդյանն էին խմբակցության հետ կապված ցանկացած հարցի լուծում տալիս՝ անմիջապես կապ հաստատելով Նիկոլ Փաշինյանի հետ: Հիմա, ըստ մեր տեղեկությունների, Լիլիթ Մակունցը լռակյաց է. եթե չկան խորհրդարանական նիստեր, ապա նրան գտնելը, կապ հաստատելը նրա հետ գրեթե անհնարին բան է:
Հանգստյան օրերին Մակունցն ընդհանրապես տեսադաշտից անհետանում է, անգամ հեռախոսազանգերին չի պատասխանում: Իսկ ինչ վերաբերում է Հակոբ Սիմիդյանին, ապա վերջինս միշտ կառավարել է խմբակցության հետ կապված բոլոր հարցերը, քվեարկություններից առաջ բոլորին sms-ներ է գրել դահլիճ գալու ու ինչպես քվեարկելու համար, իսկ հիմա պասիվացել է կամ չկա:
Ավելին՝ մենք տեղեկացանք, որ եթե ինչ-որ հարցով պատգամավորները դիմում են խմբակցության քարտուղարին, նա հայտարարում է, թե ոչնչից տեղյակ չէ՝ «ոչ մի թեմայի մեջ չկամ» ձեւակերպմամբ:
Ըստ խմբակցության պատգամավորների մի հատվածի՝ Մակունցի պահվածքը կարելի է ինչ-որ ձեւով հասկանալ, քանի որ վերջինս ամռանը կնշանակի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, բայց անհասկանալի է մնում Սիմիդյանի պասիվ կեցվածքը: Կարծիք կա, որ վերջինս ինչ-որ պաշտոնի է ձգտում, ու խորհրդարանն իրեն այլեւս չի հետաքրքրում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում