Այն բանից հետո, երբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երևանում հայտարարեց, որ Արցախի կարգավիճակը բացառվում է, Հայաստանում ոչ մի կուսակցություն հանդես չեկավ որևէ հայտարարությամբ: Ոչ ոք չդատապարտեց, չասաց, որ իրենք այլ կերպ են մտածում, և Հայաստանում կա մի ուժ, որը կարող է փոխել իրավիճակը:


Աշխարհում տեղի ունեցող դինամիկ վերափոխումների ֆոնին Հայաստանում քաղաքական գործիչները կյանքի նշաններ ցույց չեն տալիս. ամբողջությամբ ընկղմված են «նախընտրական պայքարի» մեջ։ Փաշինյանը ճիշտ է մի բանում. Այն փաստը, որ օկուպացիայից հետո Հայաստանում չի սկսվել քաղաքացիական պատերազմ, ձախողել է թշնամիների ծրագրերը: Բայց 6 ամիս անց ժամանակն է դուրս գալ խրամատներից, քանի որ իրավիճակը փոխվել է, և պահանջում է ակտիվություն:


Միջազգային փորձագետները բաց խոսում են այն մասին, որ ԱՄՆ մտադիր է Թուրքիային տարածաշրջանում «փոխարինել» Իրանով: Այդ մասին վկայում է նաև Իրանի պահվածքը․ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների վատթարացման ֆոնին, բանակցություններ են սկսվել Թեհրանի և սաուդցիների միջև: Ֆրանսիայում շրջում է ռազմական հեղաշրջման ուրվականը. բարձրաստիճան սպաներն ասում են, որ իսլամիստները զավթել են երկրի փաստացի իշխանությունը և թելադրում են իրենց սեփական օրենքները: Երուսաղեմում կրկին անկարգություններ են սկսվել, որոնք կարող են հանգեցնել լուրջ հետևանքների։


Այս դժվարին պահին Հայաստանը պետք է կարողանա ոչ միայն դիմակայել, այլ նաև ձևակերպել իր օրինական շահերը, քաղաքական օրակարգը, որը չի կարող խլել ոչ թշնամին, ոչ դաշնակիցը: Սակայն կոմպրոմատներից վախեցած հայ քաղաքական գործիչները չեն համարձակվում գլուխ բարձրացնել և նայել, թե ինչպես է փոխվել մարտի դաշտը:

Ալիևը դողում է Հայաստանից հնչած յուրաքանչյուր բառից։ Նա քնում ու տեսնում է «ռեվանշը»՝ հասկանալով, որ դա անխուսափելի է: Եվ այդ օրը կգա, հենց Հայաստանում հայտնվեն քաղաքական գործիչներ, որոնք չեն վճարվում Մոսկվայից:

Հայաստանի հայտարարությունները մեծ ուժ ունեն: Արտաքին գործերի նախարարության դիրքորոշումը, ըստ որի` Հայաստանում ցանկացած հաղորդակցություն պետք է լինի իր իրավասության ներքո, խախտում է տարածաշրջանը բաժանելու ռուս-թուրքական ամբողջ սխեման:

ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Արվելու է ամեն ինչ, որպեսզի բոլորը ելնեն ռազմական ասպեկտների փակ լինելու փաստից: Այնտեղ կան սահմանագծման և սահմանազատման հարցեր։ Ամեն ինչ հեշտ չէ, բայց համոզված ենք, որ ամեն ինչ լուծելի է», ասել է Լավրովը՝ տալով «ռեվանշից» հրաժարվելու երաշխիքներ:

Լավրովն ու Ալիևը հստակ հասկանում են, որ իրենց ծրագրերը քանդվում են, և նրանց առջև կանգնած են ոչ թե զենքերը, այլ իրավունքը, որը հնարավոր չէ հաղթել: Միայն եթե իրավատերերը այն չզիջեն։ Բայց Հայաստանում իրավունքի գիտակցությունն արդեն հասունանում է, և դրա իրականացման առաջին քայլը կլինի մերժումը այն քաղաքական գործիչներին, ովքեր քաղաքականությունը չեն պատկերացնում ռուսական սապոգից այն կողմ: Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակը հայերին հնարավորություններ են տալիս դերակատարություն ունենալ ռուս-թուրքական կաղապարներից դուրս:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/05/11/640933/