Hraparak.am-ը գրում է. 

Այսօր վաղ առավոտից լուրեր տարածվեցին, որ Սյունիքում լարված է իրավիճակը, թշնամին փորձում է առաջ գալ եւ տարածքներ գրավել՝ այս անգամ Հայաստանից։ Եւ եթե կան անգամ դիմադրողներ, ապա միայն խաղաղ բնակչությունից, քանի որ բանակ ու սահմանապահ չկա սահմանին կանգնած։ Տեղեկություն տարածվեց անգամ մարտերի և վիրավորների մասին։ Տևական ժամանակ պաշտպանության նախարարությունից լռում էին, որևէ արձագանք չկար։ Քիչ առաջ ՊՆ-ն մի անատամ ու անտեղյակ հայտարարույթուն տարածեց, որից զգացվեց՝ չեն ուզում նեղացնել դաշնակցի վերածված «հակառակորդին»։


Ըստ ՊՆ-ի՝ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ «Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ»։

Փաստորեն, սա ՊՆ-ի համար ընդամենը միջոցառում է՝ ադրբեջանական զինուժի կողմից՝ ուղղված «սահմանների ճշգրտմանը»։ Մինչդեռ, մենք արդեն տեղեկանում ենք, որ Լուսակերտից զորք են տանում դեպի Սյունիք։ Քիչ առաջ էլ Երևանի կենտրոնում նկատեցինք ոստիկանաական մեքենաների՝ ձայնային ազդանշանների ուղեկցությամբ ընթացող ՊՆ ավտոբուսներ, որոնք դարձյալ զինվորներ էին տեղափոխում։ 

Բայց այստեղ կարեւոր է այն, որ թշնամին արդեն Հայաստանի պետական սահմանների նկատմամբ է ոտնձգություն կատարում, իսկ Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է, ըստ այդմ՝ ենթադրվում է, որ ՀԱՊԿ-ի կողմից պետք է արձագանք լինի Ադրբեջանի այս գործողություններին։ ՀԱՊԿ անդամ երկրների տարածքների պաշտպանվածությունը ամրագրված է ՀԱՊԿ օրենսդրությամբ եւ մյուս անդամ երկրները պարտավորություն ունեն պաշտպանելու մեկ երկրի նկատմամբ ցանկացած ոտնձգություն։ 

Մենք կապվեցինք ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ, ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, իր սովորության համաձայն ոչինչ չասող հերթապահ պատասխան տվեց, թե այս պահին մեկնաբանություն չունենք, հենց լինի՝ հայտարարություն կտարածենք։ 

Իսկ Սյունիքից լուր ստացանք, որը նաեւ Գորիսի փոխքաղաքապետն է հաստատել, հակառակորդը Իշխանասարի ուղղությամբ 3 կիլոմետր առաջ է շարժվել՝ գրավել է ճանապարհ, հողատարածքներ, մեր ջրային ռեսուրսներ, մասնավորապես՝ Սեւ լիճը, որը ոռոգման եւ ջրի ամենակարեւոր աղբյուրներից էր այս հատվածում։ Սյունեցիք անչափ վրդովված են, նրանք զանգում են եւ հայհոյում իշխանություններին՝ հայտարարելով, որ պետություն, որպես այդպիսին, չկա։

Աղբյուր՝ https://hraparak.am/post/8c42761aed76aca95d65800be97a0449