Նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հերքում է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի պնդումը, թե 2013 թ. հունվարի 31-ին իր նկատմամբ իրականացրած մահափորձի գործի նյութերում առկա են վկայություններ, որ գործով որպես պատվիրատու հանդես եկող Վարդան Սեդրակյանը 2012թ. նոյեմբերին 100 000 ԱՄՆ դոլար է ստացել որոշակի անձից: Այս մասին գրում է «Առավոտ» թերթը եւ մեջբերում. ««Պարոն Հայրիկյան, վերջը չպարզեցիր, բա ո՞վ է սպանության պատվիրատուն, ընդունենք Սեդրակյանն է, ինչո՞ւ է արել, Սեդրակյանը շարժառիթ չի ունեցել:
Ինչ վերաբերում է 100 000 ԱՄՆ դոլարին, եթե դա գործի հետ կապ ունի, թող դատարանը հրավիրի փող տվողին` ցուցմունք տալու: Մենք դրանում խնդիր չենք տեսնում: Բացի դա, փող տվողը ինչ-որ մեկը չէ, Վարդանի ծանոթն է, որը ոչ Ռուսաստանից է, ոչ «կագեբեշնիկ» է, երեւանցի նորմալ տղա է: Ասում է՝ ես Վարդանին մեր գործերով փող եմ տվել: Վարդանի հետ երկար տարիներ աշխատել են, անկապ մարդ չէ: Եթե չեմ սխալվում, պարտքով է տվել»,- ասաց պարոն Սիրունյանը»,- մեջբերում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։