«Հրապարակը» գրում է, թե Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախկին նախագահ Արտյուշա Ղուկասյանը, ով 2 տարի ղեկավարեց ԲՈՀ-ը, նեղ միջավայրում ասել է, որ փորձել է դիմադրել եւ ամեն տգետի դիսերտացիան չհաստատել, սակայն ճնշումներին դիմանալը շատ բարդ էր, եւ այսօր միայն մի դիսերտացիայի հաստատումն է ծանրացել խղճին, եւ ափսոսում է, որ զիջել է:

Մի պաշտոնյա քաղաքագիտությունից դիսերտացիա է ներկայացրել, որը, պարզվել է, ամբողջովին պլագիատ է. ռուսական մի ատենախոսությա մեջ «Ռուսաստան» բառը փոխարինել է «Հայաստան»-ով ու ներկայացրել: Մինչդեռ քաղաքագիտական առումով հայկական ու ռուսական իրականությունները շատ տարբեր են:

Գրագողությունն իրենք բացահայտել են, բայց իշխանական ճնշման տակ գրագողն ստացել է գիտական կոչումը: Ցավոք, Ղուկասյանը չի ասել, եւ մենք էլ չկարողացանք պարզել, թե ով է այդ «հանճարեղ» դիսերտացիայի հեղինակը: