Վանաձորի մանկատան նախկին սանը` Թագուհի Քոչարյանը պատրաստ է դիմել ծայրահեղ քայլերի` ինքնասպանության: Այս մասին գրում է «Առավոտ» թերթը  եւ հավելում. «Երեկ կառավարության շենքի մոտ Թագուհին բողոքի ակցիա էր անում` պահանջելով վերանայել ամուսնու՝ Ռոման Կուդաշինի նկատմամբ դատարանի վճիռը: Ռոմանը եւս Վանաձորի մանկատան նախկին սան է, նրան դատավորը ներքին համոզման հիման վրա 4 տարվա ազատազրկման է դատապարտել` իբր մանկատնից երաժշտական կենտրոն գողանալու համար, ընդ որում, ինչպես Թագուհին «Առավոտի»  հետ զրույցում ասաց` առանց որեւէ ապացույցի եւ գողության մասին վկայությունների: Թագուհի Քոչարյանի պատմելով` «Դատարանում ոչ ոք վկայություն չտվեց, որ ամուսինս է տարել երաժշտական կենտրոնը, անգամ օրը նշած չէ, թե որ օրն է կատարվել գողությունը, երաժշտական կենտրոնն էլ չկա, մատնահետք չկա: Մանկատնից Արթուրը նախաքննության ժամանակ տված ցուցմունքում ասել էր, որ Ռոմանի հետ է գողություն արել, բայց հետո դատարանում ասել է, որ ոստիկանությունում ծեծել են իրեն, դրա համար է էդպես ասել: Դիմել եմ Վերաքննիչ դատարան, բողոքը թողել են նույնը, Վճռաբեկն ընդհանրապես չի էլ ընդունել: Անմեղ մարդուն 4 տարով դատե՞ն»,- մեջբերում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։