Բաքվի փորձագետները հունիսին աշխարհքաղաքական դասավորության լուրջ փոփոխություն են կանխատեսում, երբ հնարավոր է կայանա Բայդենի ու Պուտինի հանդիպումը։ Բաքվում իշխանություններին շտապեցնում են հնարավորինս արագ հաջողություններ գրանցել, որովհետեւ հետո դժվար կլինի։ Խոսվում է մի քանի տարբերակների եւ ամենաքիչը՝ միջանցքի մասին։


Բաքվում խոսում են Ադրբեջանում թուրքական զորամիավորում տեղակայելու մտադրության մասին, որը կարող է փոխարինել ռուս խաղաղապահներին, Էրդողանի եւ գորշ գայլերի ղեկավար Բահչելիի Շուշի այցի մասին, որը կարող է տեղի ունենալ մայիսի 20-ին, Ֆրանսիային Մինսկի խմբի համանախագահությունից դուրս բերելու եւ Հայաստանի հետ սահմանազատում անելու մասին։

Երեւանում այս բոլոր հարցերին առայժմ տրվում է ամենաանհաջող պատասխանը՝ ամեն ինչ պետք է լուծվի եռակողմ հայտարարության շրջանակում եւ մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին։ Հայ պաշտոնյաները քրտնաջան հեռախոսային գործունեություն են ծավալում ու պատրաստվում մայիսի 19-ին կայանալիք ՀԱՊԿ ԱԳ նախարարների հանդիպմանը։ Լավրովը ներկա կլինի՞ այդ հանդիպմանը, որը մայիսի 19-20-ին մեկնելու է Ռեյկյավիկ հանդիպելու Էնթոնի Բլինքենին։ Իսլանդիայում քննարկելու՞ են հայկական խնդիրը։


Մինչ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան Բաքվին կոչ են անում զորքը դուրս բերել եւ իրավիճակը քննարկել ՄԱԿ-ում, Ռուսաստանն ասում է, որ ունի քարտեզներ, որոնք կօգնեն լուծել խնդիրը։ Ռուսաստանի «քարտեզները» կբերեն նրան, որ մեր ինքնիշխան սահմանները կորոշի երրորդ կողմը, այլ ոչ թե լեգիտիմ միջազգային կազմակերպությունը։

Երեկ Փաշինյանը հայտարարել է, որ սահմանների հարցերը պետք է լուծվեն ոչ թե երկկողմ (Ադրբեջանի հետ), այլ եռակողմ ձեւաչափով (Ռուսաստանի հետ)։ Սա ինքնիշխան իրավունքներից հրաժարվելու ծայրահեղ ձեւ է եւ սեփական սահմանադրական պարտականությունների պատվիրակում երրորդ պետությանը։

Հայաստանը կդիմի՞ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին եւ կպահանջի՞ վերսկսել բանակցությունները Մինսկի խմբի շրջանակում։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/05/18/642693/