«Մենք մտահոգությամբ ենք հետևում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի իրավիճակին։ Զորքերի տեղաշարժի միջոցով սահմանային ներխուժումները կարող են ապակայունացնել վիճակը և հանգեցնել մարտական գործողությունների վերսկսման։ Մենք կոչ ենք անում խախտող կողմին անհապաղ հետ քաշել ուժերը և դադարեցնել սադրանքները», հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ-ն:
Այսպիսով, Հնդկաստանը միանում է ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի, ինչպես նաեւ ռեգիոնալ տերություն Իրանի պահանջներին, այն է՝ Հայաստանի ինքնիշխանության եւ ամբողջականության դեմ գործողությունները պետք է դադարեցվեն, Բաքուն պետք է հետ քաշի զորքերը:
Հնդկաստանի ներգրավումը Հայաստանի շուրջ «կոալիցիային» էական է նրանով, որ Հնդկաստանը Պարսից ծոց-Սեւ ծով, Հյուսիս-հարավ հաղորդակցական նախագծի նախաձեռնողներից մեկն է: Հայաստանի տարածքը մասնատելու, Հայաստանն Իրանից կտրելու եւ հաղորդակցությունները վերահսկելու ռուս-թուրքական ծրագրերն ուղղված են նաեւ այս նախագծի իրականացումը տապալելուն:
Արժե այստեղ հիշել Երեւանում Գանդիի արձանի պղծումը, որը հետեւեց Երեւանում Հյուսիս-հարավ նախաձեռնությանը նվիրված համաժողովին: Դրա համատեքստն ակնհայտ էր:
Հնդկաստանի եւ Իրանի հայտարարություններում ընդգծվում է նաեւ Հայաստանի դեմ ռազմական ուղիղ ագրեսիայի հնարավորությունը:
Իրանի հայտարարությունից հետո Ռուսաստանը մնաց ռեգիոնալ, իսկ Հնդկաստանի հայտարարությունից հետո՝ արդեն առավել լայն ընդգրկմամբ միակ դերակատարը, որը չդատապարտեց թուրքերի ներխուժումը Հայաստանի տարածք, թեեւ Հայաստանի հետ ունի դաշնակցային պայմանագրեր եւ հանդիսանում է «հետպատերազմյա կարգավորման» երաշխավորը: Մյուս կողմից, ինչպես ցույց տվեցին ներխուժումից հետո տեղի ունեցած իրադարձությունները, Մոսկվան առաջնորդում է դրանք՝ Հայաստանի դեմ ծրագրերն իրագործելու նպատակով:
Ռուսաստանում դժգոհ են այս հայտարարություններից, ինչն ավելի է ընդգծում այդ երկրի հակահայկական թշնամական քաղաքականությունը: «Հակառուսականության» թեզն այսպիսով ձեռք է բերում խիստ կոնկրետ բովանդակություն հայերի համար, մանավանդ Հայաստանի շահերի մասին հայտարարող «հակառուսական կոալիցիաների» ձեւավորման ֆոնին:
Հայաստանի անվտանգության ու ինքնիշխանության աջակցության հարցով «կոալիցիայի» ձեւավորումն անկասկած անգնահատելի հնարավորություն է Հայաստանի համար՝ ռուս-թուրքական կաղապարներից դուրս դերակատարություն ստանձնելու եւ սեփական շահերն ու իրավունքները պաշտպանելու համար: Ժամանակն անսպառ չէ, ավելին՝ այս հայտարարությունները ստիպում են Մոսկվային ու թուրքերին՝ արագացնել սեփական ծրագրերի իրականացումը:
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/05/19/642860/