ՄՂՁԱՎԱՆՋ
Պատկերացնում եմ, որ բնակվեի այլ պետությունում, լինեի այլազգի և լսեի լուրեր Հայաստանի մասին։ Անկեղծորեն կխղճայի այնտեղ ապրող ժողովրդին ու երբեք չէի պատկերացնի, որ Հայաստան կոչվածը պետություն է։ Հիշում եմ նման լուրեր ժամանակին լսում էինք Ռուանդայից, քայքայված Իրաքից։ Այս երկրներում կործանված էին պետությունները։Լսում ես տարբեր լրատվամիջոցների լուրերի թողարկումներն ու սարսափում։
Գեղարքունիքում և Սյունիքում գյուղացիները անպաշտպան, անզեն, խեղճուկրակ փորձում են լեզու գտնել Հայաստան ներխուժած ադրբեջանցի ցինիկ զինվորների հետ։ Օրական մի փորձանք՝ ծեծուջարդ,ահաբեկում, ծաղրանք, անասնագողություն։ Գեղարքունիքում տեղակայված զորամասերն անտերության մատնված, սնունդ և այլ անհրաժեշտ ապրանքներ մատակարարում են կամավորական նախաձեռնություններ։ Այո՛, պետություն, պետական կառույցներ՝ բանակ, Ազգային անվտանգության ծառայություն, ոստիկանություն գոյություն չունեն։ Բայց, արդյո՞ք․․․ Արդյո՞ք, Երևանի բնակիչները զգում են հայրենակիցների ցավը, թե՞ դա իրենց չի հետաքրքրում։
Բացի այդ, Երևանում քայլելիս աջ ու ձախ տեսնում ես ջլապինդ, զինված ոստիկաններ, որոնք «հերոսաբար» բերման են ենթարկում, խոշտանգում, նվաստացնում այն անձանց, ովքեր չեն հաշտվում հայրենիքի կորստի հետ, իսկ Ազգային անվտանգության ծառայայություն կոչվածը քր․ գործեր է թխում և պահպանում այն անձի անվտանգությունը, ով մղձավանջի պատասխանատուն է։
Ա՛յ պաշտոնակատար կոչեցյալ, քո կողմից սեփականաշնորհված կառավարական դղյակում հանգիստ, ապահով վայելում ես կյանքը և հանգիստ քնու՞մ։
Ավետիք Իշխանյան