Սյունիքի մարզը Հայաստանից պոկելու ռուսական պլանը համարժեք հակազդեցության է արժանացել համաշխարհային հիմնական խաղացողների՝ ԱՄՆ-ի, Եվրոպական միության, Հնդկաստանի ու Իրանի կողմից, այս ամիսների ընթացքում եզակի համարժեք արձագանք եղավ Հայաստանի հանրային-քաղաքական գրեթե բոլոր շրջանակներից: Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռյակն ընդդեմ Հայաստանի ու վերոհիշյալ ուժային կենտրոնների՝ ինքնին այս դասավորությունը վկայում է շատ բանի մասին:


Կրեմլի խուճապային արձագանքը փաստաթղթի հրապարակմանը շատ բանի մասին է վկայում: Ըստ էության, Ռուսաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ արդեն հնարավոր չէ քողարկվել իր պրոքսի-գործիքի՝ Բաքվի գործողությունների հետեւում, ընդ որում՝ միջազգային բավական կոշտ արձագանքների ու հնարավոր հետեւանքների ֆոնին Բաքուն այդ դերից դուրս գալու ակնարկներ է անում: Ռուսաստանի ծրագրերն ու նպատակները Հայաստանի հարցում պարզ են դառնում ավելի լայն շրջանակների, ընդ որում՝ Լավրովի պլանի ընդլայնված կիրառման շրջանակը տարածվում է ոչ միայն Սյունիքի մարզի, այլեւ Հայաստանի այլ շրջանների վրա: Բաքվի զինված ներխուժումների ուղղությունները հստակ համընկնում են «անվտանգության միջանցքներին», որոնցով վերահսկողության տակ են վերցվելու Հայաստանի հիմնական մայրուղիները:


Եռակողմ բոլոր փաստաթղթերի հեղինակը Ռուսաստանն է, բոլոր թղթերի տակ կա Պուտինի ստորագրությունը: Դրանք իրագործելու համար Հայաստանի դեմ կիրառվում են անկանոն պատերազմի բոլոր մեթոդները: Ընդ որում, Հայաստանի շահերի աջակցության միջազգային արձագանքների ուժեղացման պայմաններում այդ մեթոդներն ավելի ինտենսիվ են դարձել: Պուտին-Ալիեւ նույնպես «ինտենսիվացած» ներդաշնակ հայտարարությունները շտապողականության վկայություն են:

Հայաստանի շահերի «կոալիցիան» չի ընդունում եռակողմ «կարգավորումները» որպես լուծում եւ դնում է միջազգային մանդատ ունեցող կազմակերպություններում՝ ՄԱԿ ԱԽ, Մինսկի խմբի համանախագահություն, հարցի քննարկումը: Հայաստանում նույնպես բարձրացվում է այդ խնդիրը, այդ թվում՝ միջազգային զորախմբի ներգրավման պահանջով: Հայաստանի կառավարությունը դիմել է ՀԱՊԿ-ին, եւ երկուստեք ծամածռությունները ավելի են ամրապնդում միջազգային մանդատ ունեցող կազմակերպություններին դիմելու պահանջը: Դա հնարավորություն է՝ կանխելու Հայաստանի մասնատման եւ շրջափակման ծրագրերը:

Իր հերթին, միջազգային այդ ատյաններին դիմելու հեռանկարն իսկական մղձավանջ է Ռուսաստանի համար, հատկապես ՄԱԿ ԱԽ-ում անցյալ տարվա հոկտեմբերին վետոյի հայտնի պատմությունից հետո: Ռուսաստանն ամեն ինչ անում է դա թույլ չտալու համար: Սակայն «Ադրբեջանը Թուրքիայից պոկելու», Կովկասից անխուսափելի նահանջը հնարավորինս անվտանգ իրականացնելու Ռուսաստանի ռազմավարությունը չպետք է իրականացվի Հայաստանի մասնատման ու հայերի հայրենազրկման հաշվին: Հայաստանում սա գիտակցվել է, եւ քաղաքական դերակատարության հավակնություն հայտնած խմբերի գործունեությունը գնահատվելու է հենց այս խնդրի համատեքստում: Վճռական պահ է, լայն դիմադրություն է պետք, եւ դրա հնարավորությունները կան:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/05/22/643585/