ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված այս ոտնձգությունը հետեւանքն է Ադրբեջանի՝ տարածաշրջանային խաղաղությունը վտանգող գործողություններին ոչ համարժեք միջազգային, տարածաշրջանային արձագանքի։ Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ժամանակ։

«Աներկբա է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված այս ոտնձգությունն ուղիղ հետեւանքն է անցած տարվա սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ կյանքի իրավունքի դեմ սանձազերծված պատերազմի, ինչպես նաեւ տարածաշրջանային խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի գործողությունների ոչ համարժեք միջազգային եւ տարածաշրջանային արձագանքի:


Գոտեպնդված անպատժելիության զգացումով՝ Ադրբեջանը փորձում է ստեղծել աշխարհաքաղաքական նոր իրողություններ, որոնք չեն բխում տարածաշրջանային կայունությամբ շահագրգիռ երկրների շահերից։ Այս պայմաններում մեր տարածաշրջանային գործընկերների հետ երկխոսությունն առավել քան կարեւոր է»,- նշել է Արա Այվազյանը։