Ցամաքային զորքերի ՀՕՊ զորքեր (ռուս. войска ПВО сухопутных войск) - ԶՈՒ ցամաքային զորքերի (ՑԶ) զորատեսակ է։ Նախատեսված է հակառակորդի օդային հարձակման միջոցների հարվածները ետ մղելու և զորքերի խմբավորումների ու դրանց օբյեկտների թիկունքը օդային հարվածներից պաշտպանելու համար։ Կազմված է զենիթային հրթիռային և ռադիո՜տեխնիկական զորամիավորումներից, զորամասերից և ստորաբաժանումներից։ Ունակ է ինքնուրույն և ՀՕՊ ուժերով ու միջոցներով ԶՈՒ այլ տեսակների և զորատեսակների հետ փոխգործողությամբ վարելու օդային հակառակորդի հետախուզություն, նրա մասին ազդարարել (տեղեկացնել) իր զորքերին, ոչնչացնել օդային հարձակման ինքնաթիռները, ուղղաթիռները և անօդաչու միջոցները, օդային դեսանտների հետ պայքար մղել թռիչքների երթուղիներում և իջեցնելիս։ Կազմակերպականորեն ընդգրկվում են համազորային համազորամիավորումների, զորամիավորումների և զորամասերի կազմում ու խնդիրները կատարում են երկրի ՀՕՊ և ԶՈՒ միասնական համակարգում։ ՑԶ ՀՕՊ զորքերի սպառազինությունում են գտնվում տարբեր տեսակի գերշարժունակ հրթիռային համալիրներ, զենիթային հրետանային ինքնագնաց կայանքներ, ռադիոտեղորոշումային հետախուզության միջոցներ։ Կառավարման համար օգտագործվում են ավտոմատացված համակարգեր։ ՆԱՏՕ-ի երկրների բանակներում ՀՕՊ ուժերը և միջոցները չեն առանձնացվում որպես ինքնուրույն զորատեսակներ, այլ ընդգրկվում են զորամիավորումների, զորամասերի և ստորաբաժանումների կազմում։

                                                                                                                       Դավիթ Սոֆիյան