Հայաստանի ներկայացուցիչ Լիանա Գյուրջյանը (81 կգ) նվաճեց Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոնի կոչումը:

Երկամարտում հայ մարզուհին գրանցեց 223 կգ (98+125) և մեկ կգ գերազանցեց երկրորդ տեղը գրաված թուրք Դիլարա Ուչանին: Բրոնզե մեդալակիր դարձավ Էկվադորի ներկայացուցիչ Քուինոնեզ Խիմենեսը՝ 218 կգ:


Դա Հայաստանի երկրորդ մեդալն էր երիտասարդական ԱԱ-ում: Ավելի վաղ 2018թ. պատանեկան Oլիմպիական խաղերի չեմպիոն Կարեն Մարգարյանը (81 կգ) երկամարտի 327 կգ (152+175) արդյունքով դարձել էր արծաթե մեդալակիր:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Գոռ Սահակյանը (67 կգ) գրավել էր 5-րդ տեղը, Սուրեն Գրիգորյանը (81 կգ) չորրորդն էր, իսկ Միլենա Խաչատրյանը (71 կգ)՝ 7-րդը:

Հայաստանի թիմի կազմում հանդես կգան նաև Գարիկ Կարապետյանը (96 կգ) և Պետրոս Պետրոսյանը (102 կգ):

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Մոսկվայում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Լիանա Գյուրջյանը երկամարտի 227 կգ արդյոնքով գրավել էր երրորդ տեղը: