Ռուսաստանի պատանեկան հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, այժմ լատվիական «Ռիգայի» համակարգում աշխատող Ռավիլ Սաբիտովը կարծիք է հայտնել, որ Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է հաջող ելույթներ ունենալ Ռուսաստանում։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ 32-ամյա Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է Ռուսաստանի չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»:

«Նա 100 տոկոսով պետք է «Զենիթին»։ Ըստ իս՝ Մխիթարյանը եվրոպական շատ բարձր մակարդակի հարձակվող է։ Հարգանքներս ռուս ֆուտբոլիստներին, սակայն նրանց չէի համեմատի եվրոպական լիգաների թոփ խաղացողների հետ։ Կարծում եմ՝ մեր առաջնությունում Մխիթարյանը «կպատռեր» բոլորին։


Ինչ վերաբերում է Ձյուբայի ու Մխիթարյանի համեմատությանը, նրանք տարբեր խաղացողներ են։ Կարծում եմ՝ Սերգեյ Սեմակը կմտածեր Ձյուբա - Ազմուն - Մխիթարյան կամ այլ հարձակման գիծ»,- մարզիչի խոսքը մեջբերում է», «Спорт уик-энд»-ը։

Հիշեցնենք, որ այս օրերին հայ ֆուտբոլիստի ու «Ռոմայի» միջև բանակցությունները շարունակվում են գործող պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ: Մխիթարյանի ու «Ռոմայի» միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև հունիսի 30-ը:

Մխիթարյանը 2020 թվականի սեպտեմբերին Լոնդոնի «Արսենալից» է տեղափոխվել «Ռոմա», որի կազմում Իտալիայի ավարտված առաջնությունում մասնակցել է 34 խաղի և դարձել 13 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ: Նա «Ռոմայի» լավագույն ռմբարկուն էր այս մրցաշրջանում:

Հայաստանի հավաքականի ավագը նախկինում հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում» (2006-2009), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010), Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013), Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016) և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» (2016-2018):