Իտալական «Ռոման» Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ փոխհամաձայնության է եկել գործող պայմանագիրը երկարաձգելու հարցում: Այդ մասին թվիթերյան էջում գրել է իտալացի հայտնի լրագրող Նիկոլո Սկիրան:
Հենրիխ Մխիթարյանի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2023 թվականի ամառ, իսկ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 4.5 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ:
Հիշեցնենք, որ Մխիթարյանի ու «Ռոմայի» միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև հունիսի 30-ը:
32-ամյա ֆուտբոլիստը «Ռոմայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղացել է 18 ամիս (2016-2018-ը) և նվաճել 3 տիտղոս, այդ թվում՝ 2017-ին դառնալով Եվրոպայի լիգայի հաղթող:
Հայ կիսապաշտպանը 2020 թվականի սեպտեմբերին Լոնդոնի «Արսենալից» է տեղափոխվել «Ռոմա», որի կազմում Իտալիայի ավարտված առաջնությունում մասնակցել է 34 խաղի և դարձել 13 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ: Նա «Ռոմայի» լավագույն ռմբարկուն էր այս մրցաշրջանում:
Հայաստանի հավաքականի ավագը նախկինում հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում» (2006-2009), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010), Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013), Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016) և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» (2016-2018):