Օգոստոսի 16-ին «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի հյուրը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էր։ Բազեականները նախարարին դիմավորեցին հայկական բանակի հիմնի իրենց կատարումով։ Ողջունելով հավաքի մասնակիցներին՝ Սեյրան Օհանյանն անդրադարձավ մի շարք խնդիրների, ինչպես նաև պատասխանեց երիտասարդների հարցերին։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, պաշտպանության նախարարը, դիմելով բազեականներին, համոզմունք հայտնեց, որ եթե վաղն անհրաժեշտ լինի ոտքի կանգնել և պաշտպանել հայրենիքը, ապա երիտասարդներն անձնազոհությամբ կկատարեն դա, ինչպես ժամանակին՝ իր սերնդակիցները:
Անդրադառնալով ԼՂՀ բանակցային գործընթացին՝ Սերյրան Օհանյանը նշեց, որ ԼՂՀ հակամարտության լուծման խնդրում մեր տեսակետները համապատասխանում են միջազգային նորմերին՝ ժողովուրդների ինքնորոշում, ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն։ Նախարարն ավելացրեց նաև, որ պատմաիրավական հիմքերը վեր հանելիս կտեսնենք, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, մանավանդ Լեռնային Ղարաբաղի հետ ոչ մի առնչություն չունի. Լեռնային Ղարաբաղի տարածքը շատ ավելի մեծ է, քան այսօր ԼՂ Հանրապետության տարածքն է։ Ղարաբաղ ասելով՝ մենք պետք է հասկանանք և՜ լեռնային, և՜ հարթավայրային Ղարաբաղը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի սպառազինմանը, ապա նախարարը նշեց, որ մեր ուժերը բավարար են պաշտպանվելու և հակահարձակողական և հակագրոհային միջոցառումներ իրականացնելու համար։ «Առօրյա մարտական հերթապահության ժամանակ մենք չենք տեսնում հակառակորդի ուժը, առաջին գծում մենք պարտադրողի դերում ենք՚»:
Նախարարը պատասխանեց նաև Ադրբեջանում պահվող հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանին վերադարձնելու մասին հարցին։ Սեյրան Օհանյանը նշեց, որ արվում է հնարավորը՝ Հակոբին վերադարձնելու համար, ինչի հիմքերը կան։ Նա նաև ընդգծեց, որ Հակոբի նկատմամբ քրեական հետապնդում չի լինելու, քանի որ նրա գործողությունների մեջ ոչ մի քրեական բան չկա, և նա վերադարձվելու է, ինչպես շատերը: