ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը չի պատրաստվում ներողություն խնդրել ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանից: Այս մասին նա ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Հիշեցնենք, որ Թագուհի Թովմասյանի ելույթի ավարտին նիստը վարող Լենա Նազարյանը քթի տակ կամաց ասաց «իդիոտկա», բայց մոռացել էր անջատել հեռախոսը եւ այն լսվեց բոլորի համար:


«Տիկին Թովմասյանն ինքը նախ պետք է ներողություն խնդրի, որ լինելով «Իմ քայլը» խմբակցության անդամ, իրականում եղել է ոչ թե թիմի անդամ, այլ իր թերթի թղթակից եւ խմբագիր: Նա խմբակցության նիստերին մասնակցել է միայն այդ նպատակով: Թող Թագուհի Թովմասյանը ներողություն խնդրի, որ եկել է մեր խմբակցություն, մեր ցուցակ, առաջին իսկ հարմար պահին մեր երեսին դուռը շրխկացնելու եւ հաջորդ ցուցակ գնալու համար, այնտեղից օգուտներ ստանալու եւ երեւի հաջորդ ցուցակ անցնելու համար:

Թող ինքը ներողություն խնդրի նրա համար, որ լինելով խմբակցության անդամ ամբողջ պատերազմի ընթացքում, պարտությունից հետո դուրս է եկել խմբակցությունից եւ հայտարարել, որ պատասխանատվությունը մերն է, այն դեպքում, երբ ողջ պատերազմի ընթացքում ինքը նույնպես եղել է խմբակցության անդամ»,-ասաց Լենա Նազարյանն ու հեռացավ:

Նա անպատասխան թողեց հարցը, թե եթե իրեն «իդիոտկա» անվանեին, դա նորմալ կհամարե՞ր:

Հիշեցնենք, որ Թագուհի Թովմասյանը պատերազմից հետո դուրս է եկել «Իմ քայլը» խմբակցությունից, իսկ այժմ «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում է ընդգրկված: