Transfermarkt-ը հունիսի 3-ին թարմացրել է Իտալիայի A Սերիայում հանդես եկող ակումբների ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները:
Հռոմի «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային գինը նվազել է 5 միլիոն եվրոյով և կազմում է 15 միլիոն:
Օրեր առաջ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» հետ կնքել էր նոր պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ: Ոչ պաշտոնական տվյալներով, նրա տարեկան աշխատավարձը կկազմի 4.5 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ:
Transfermarkt-ում հայ կիսապաշտպանի ամենաբարձր տրանսֆերային արժեքը եղել է 2016 թվականի օգոստոսի 1-ին՝ 37 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Մխիթարյանի ու «Ռոմայի» միջև նախորդ պայմանագիրը նախատեսված էր մինչև հունիսի 30-ը:
32-ամյա ֆուտբոլիստը «Ռոմայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղացել է 18 ամիս (2016-2018-ը) և նվաճել 3 տիտղոս, այդ թվում՝ 2017-ին դառնալով Եվրոպայի լիգայի հաղթող:
Հայ կիսապաշտպանը 2020 թվականի սեպտեմբերին Լոնդոնի «Արսենալից» է տեղափոխվել «Ռոմա», որի կազմում Իտալիայի ավարտված առաջնությունում մասնակցել է 34 խաղի և դարձել 13 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ: Նա «Ռոմայի» լավագույն ռմբարկուն էր այս մրցաշրջանում:
Հայաստանի հավաքականի ավագը նախկինում հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում» (2006-2009), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010), Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013), Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016) և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» (2016-2018):