Ընտրական օրենսգիրքը պահանջում է, որ 5 քմ մակերեսը գերազանցող պաստառները կարող են փակցվել նախապես բաշխված վահանակների վրա. Մենք վահանակների բաշխումն իրականացրեցինք, սակայն մինչ այդ արդեն կային տարաբնույթ պաստառներ, որոնք ասոցացվում են նախընտրական քարոզչության հետ: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով նրան, որ որոշ պաստառներ ապամոնտաժելուց հետո այդ պաստառները փակցրած անձինք դիմել էին դատարան՝ վիճարկելով ԿԸՀ որոշումները:

Նա հիշեցրեց, որ դեռ օրեր առաջ իրենք հայտարարել էին, որ 5քմ մակեերեսը գերազանցող այն պաստառները, որոնք կհամարվեն քարոզչության հետ ասոցացվող եւ ԿԸՀ-ի կողմից բաշխված վահանակների հետ առնչություն չեն ունենա, պետք է հանվեն. «5 քմ մակերեսը գերազանցող ինչքան պաստառներ, որ կարողացել ենք հայտնաբերել, դրանց վերաբերյալ եղել է կարծիք: Մենք այդպիսի որոշումներ ենք կայացրել «Լուսավոր Հայաստանի» պաստառների հետ կապված, 5165 կուսակցության հետ կապված, Տիգրան Արզաքանցյանի պատկերով պաստառների հետ կապված:


Հնարավոր է լինեն էլի պաստառներ, որոնք շրջայցերի ժամանակ հնարավոր չի եղել հայտնաբերել: Ամեն մի պաստառի համար առանձին որոշում է կայացվել, որովհետեւ պետք է այդ պաստառները քարոզարշավի հետ ասոցացվող ճանաչվեն, որպեսզի հանվեն: Եթե դրանք ասոցացվող են ճանաչվում, ապա ՏԻՄ-երը պետք է հանեն այդ պաստառները»,-ասաց Մոկւոչյանը:

Նա նկատեց, որ կապ չունի, թե երբ են տեղադրվել այդ պաստառները, քարոզարշավի ժամանակ նման պաստառներ չպետք է լինեն: