Մենք, երևի թե, մեր իշխանության ժամանակ ունեցել ենք այս թերությունը՝ համեմատաբար քիչ ենք շփվել մարդկանց հետ, քիչ ենք խոսել մեր կատարածի մասին և, միգուցե, այն, ինչ տեղի ունեցավ 2018 թ. ապրիլին, պայմանավորված էր նաև դրանով, եթե ուղիղ ասեմ՝ կապն ինչ-որ չափով կտրվել էր ժողովրդի հետ: Այս մասին Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում «Պատիվ ունեմ» դաշինքի ակտիվի և բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Դրա հետ միասին, սակայն, մենք չենք ստել, հասարակության մանիպուլյացիաների չենք ենթարկել, մեր հասարակությանը չենք բաժանել սևերի և սպիտակների, հարուստների և աղքատների, նորերի ու հների, ընդհակառակը՝ ցանկացել ենք միավորել մարդկանց, որովհետև հատկապես մեր պարագայում դա ուղղակի անհրաժեշտություն է:

 

Պառակտված ժողովուրդը չի կարող սատար կանգնել իր բանակին, չի կարող թև ու թիկունք լինել իր անվտանգությունն ապահովողներին և անհրաժեշտության դեպքում համալրել նրանց շարքերը»,- նշել է երրորդ նախագահը: