«Գնում ենք ընտրությունների ու սրանք սովորական ընտրություններ չեն։ Շատ պայթյունավտանգ իրավիճակ է Հայաստանում ու առայժմ իմ կանխազգացմամբ այս ընտրությունները լինելու են Հայաստանի պատմության ամենախայտառակ ու ամենավտանգավոր ընտրությունները։ Տեսնում եք՝ կա երկու բևեռ, որոնք հավակնում են ամեն գնով հասնել իշխանության։ Ամեն գնով բառը ես հենց այնպես չեմ օգտագործում, նրանք իրոք պատրաստ են ամեն ինչի։ Երկու կողմն էլ տիրապետում է ֆինանսական, վարչական, քրեական հսկայական ռեսուրսների։ Երկու կողմն էլ դիմելու են ցանկացած քայլի իրենց նպատակին հասնելու համար։ Այսինքն՝ ստեղծվում է մի իրավիճակ, երբ մենք այսպիսի դաժան պարտությունից հետո, երբ սովորական, նորմալ ազգերը սթափության պահ են ապրում՝ հասկանալով պահի լրջությունը, հակառակը՝ սրանք այդ պահը օգտագործում են երկրի վիճակը ավելի խոր փոս նետելու համար»,- ՀԱԿ-ի նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ իր ելույթում նշեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
«Ոչ Փաշինյանի, ոչ Քոչարյանի ազնիվ խոսքին չհավատաք։ Մենք տեսել ենք արդեն նրանց ազնիվ խոսքը ինչ է արժեցել մեր ժողովրդի համար։ Աստվածաշնչի, թե Ղուրանի վրա կերդվեն, չգիտեմ, մեկ է, բայց եթե որեւէ մեկը հավատում է նրանց որեւէ խոսքի, կներեք, ես արդեն կարող եմ կասկածել այդ մարդու մակարդակի կամ, ասենք,խելքի վրա։ Այս վիճակից դուրս գալու համար շատ մի հրաշալի միջոց կար, որի մասին արդեն իսկ խոսել եմ։ Եթե Քոչարյանն ու Սարգսյանը համաձայնեին իմ առաջարկին, ամեն ինչ միանգամից լուծվում էր։ Փաշինյան երևույթը կվերանար Հայաստանից, նախկին նախագահները հետ կքաշվեին ու կձևավորվեր մի հրաշալի կառավարություն։ Մեր ժողովուրդը հոգնել է քաղաքականությունից, քաղաքականություն չի ուզում, պրոֆեսիոնալներ պիտի լինեին»,- ասաց Տեր-Պետրոսյանը։