Հայաստանում ընտրություններին մնացել է 12 օր: Սեղանին է եռակողմ նոր հայտարարությունը սահմանանշման ու սահմանագծման վերաբերյալ, որը պատերազմի արդյունքները ճանաչելու փաստաթուղթ է: Մոսկվան ու Բաքուն ասում են, որ այն ստորագրվելու է ընտրություններից հետո, թեեւ նախատեսված էր ստորագրել ավելի վաղ: Հնարավոր է՝ դեր է խաղացել միջազգային հանրության արձագանքը, այդ թվում՝ Իրանի կոշտ զգուշացումը:

Միջազգային հանրությունը փորձում է կանխել փաստաթղթի ստորագրման հարկադրանքը, որը փորձ է արվում իրականացվել սադրանքներով՝ Բաքվի զինված ներխուժումներով, հայ զինծառայողների գերեվարմամբ: Մայիսի 12-ից Հայաստանում արդեն «տեղակայված են» Բաքվի զորքերը, որոնց «համակարգում է» ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը: ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Ֆրանսիան, Իրանը, Հնդկաստանը պահանջել են դուրս բերել զորքը Հայաստանի ինքնիշխան տարածքից: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գերիների վերադարձի դիմաց Հայաստանին ստիպում են անհամաչափ զիջումների գնալ:

Բրյուսելում, Վաշինգտոնում և Փարիզում կարծում են, որ Ռուսաստանն ու Թուրքիան կարող են օգտվել Հայաստանի ներքաղաքական անկայունությունից և ստիպել նրան դիմել անդառնալի քայլերի: Հունիսի 16-ին տեղի կունենա Բայդեն-Պուտին հանդիպումը, իսկ հունիսի 14-ին, ՆԱՏՕ-ի վեհաժողովի շրջանակում, տեղի կունենա Բայդեն-Էրդողան հանդիպումը, Ղարաբաղի խնդիրը կլինի առաջնահերթություններից մեկը: ԵՄ-ն և ԱՄՆ-ն փորձում են կարգավորումը վերադարձնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակ:

Ջո Բայդենը իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հարցը, ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սալիվանը: Նրա խոսքով, նախագահները կքննարկեն «լայն և համապարփակ» օրակարգ, ներառյալ տարածաշրջանային այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են իրավիճակը Արևելյան Միջերկրականում, Սիրիայում, Իրանում և Լեռնային Ղարաբաղում:

Իր հերթին, Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ: «Քննարկվել է Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը ՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների հետագա հետևողական իրականացման կարևորությունը: Առաջնային խնդիրներից են տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, բնակչության հումանիտար խնդիրների լուծումը», ասվում է Կրեմլի մամուլի հաղորդագրության մեջ: Միևնույն ժամանակ, Շարլ Միշելը աջակցություն է հայտնել կատարվող աշխատանքներին, այդ թվում ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) համանախագահների միջոցով»:

Թուրքիան և Ֆրանսիան կարող են համատեղ աշխատել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն պահպանելու հարցում: Այս մասին Ֆրանսիա կատարած այցի նախօրեին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն, գրում է L’Opinion- ը: Նա հայերին անվանել է «ծայրահեղականներ», ովքեր իրենց «անհիմն» հայտարարություններով «պատանդ են վերցրել թուրք-ֆրանսիական հարաբերությունները»:

Ֆրանսիան, Ռուսաստանի հետ սերտ համագործակցությամբ, մտադիր է շարունակել ջանքերը Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ, հայտնել են Ֆրանսիայի ԱԳ նախարարությունում, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ ՌԴ ԱԳ նախարարների հեռախոսազրույցի արդյունքներով։

Ժան-Իվ Լը Դրիանը հաստատել է Ֆրանսիայի վճռականությունը՝ Ռուսաստանի հետ միասին շարունակելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը, որում ընդգրկված են նաև Միացյալ Նահանգները:

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/06/08/647157/