Իրանում սկսվել է քվեարկությունը նախագահական ընտրություններին: Ըստ Fars-ի՝ երկրի 85 միլիոն բնակչությունից քվեարկելու իրավունք ունի ավելի քան 59 միլիոն իրանցի:

Ավելի քան 75,000 ընտրատեղամասերում քվեարկությունը սկսվել է 07:00-ին: Քվեաթերթիկների հաշվարկը կսկսվի կեսգիշերին, նախնական արդյունքները սպասվում են ընտրատեղամասերի փակվելուց հետո 24 ժամվա ընթացքում: Անցկացվում են նաեւ քաղաքների եւ գյուղերի ավագանիների ընտրությունները:


Իրանի իրավապահ ոստիկանության հրամանատար, բրիգադային գեներալ Հոսեյն Աշթարին ասել է, որ ավելի քան 600.000 ոստիկան կտեղակայվի երկրի քաղաքներում` նախագահական ընտրությունների անվտանգությունն ապահովելու համար:

Ի սկզբանե նախագահական մրցավազքին մասնակցում էր 7 թեկնածու, սակայն նրանցից երեքը դուրս են մնացել պայքարից: Այդպիսով, իրանցիները կընտրեն 4 թեկնածուներից` ընդունվող որոշումների նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային, Գերագույն դատարանի գլխավոր դատավոր Էբրահիմ Ռաիսին, խորհրդարանի փոխնախագահ Ամիր Հոսեյն Քազիզադե Հաշեմին եւ կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին:

Fars-ը, վկայակոչելով հարցումները, նշում է, որ մրցավազքի ֆավորիտը Էբրահիմ Ռաիսին է: