«Մենք սերտ կապի մեջ ենք եւ Անկարայի, եւ Բաքվի, եւ Երեւանի հետ ու համարում ենք, որ ցանկացած քայլ պետք է ուղված լինի Անդրկովկասում իրավիճակի կայունացմանը, հաղորդակցման ու լոգիստիկայի զարգացմանը եւ չպարունակի տարրեր, որոնք կարող են նոր լարվածության պատճառ դառնալ», ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ադրբեջանում թուրքական ռազմաբազա ստեղծելու մասին Էրդողանի հայտարարությունը։
Կրեմլը խնդրում է Թուրիքային չձեռնարկել քայլեր, որոնք կարող են վերջնական թաղել «լոգիստիկ նախագծերը»։ Թեկուզ այդ նախագծերն ի սկզբանե մեռելածին էին եւ քողարկում են այլ խնդիրներ։ Այն է՝ «Հյուսիս-Հարավ» նախագծի խոչընդոտումը, Հայաստանն Իրանից կտրելը, իսկ Ռուսաստանի համար՝ նաեւ ռազմական ներկայության ընդլայնումը։
Ահա թե ինչու է Ռուսաստանը կոչ անում չխառնել Ղարաբաղի խնդիրը մյուս խնդիրների հետ։ «Մենք ճիշտ չենք համարում խառնել բուն Լեռնային Ղարաբաղի հետ կապված թեմաները Ադրբեջանի՝ երրորդ երկրների հետ հարաբերությունների հետ», հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այո, կա լարվածություն հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում, բայց դա կապ չունի Լեռնային Ղարաբաղի հետ», բաքվի զորքերի՝ Հայաստան ներխուժումից հետո ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը շահագրգռված են Երեւանի եւ Բաքվի միջեւ հաղարդակցությունների բացմամբ, նրանց կարծիքը հաշվի պետք է առնել, ասել է նա, հիշեցնելով, որ ռուս-թուրքական դիտորդական կենտրոնը Ակնայում կայունացնող գործոն է ամբողջ տարածաշրջանի համար։
Մինչ այդ, օկուպացված Շուշի ժամանած Էրդողանը չի բացառել թուրքական բազայի ստեղծումը, «Զանգեզուրի միջանցքի» մասին է խոսել, նաեւ հիշեցրել 3+3 պլատֆորմի մասին։ «Մենք ցանկանում ենք, որ դրան միանան նաեւ Հայաստանն ու Վրաստանը», ասել է նա։ «Թուրքիա կատարած այցի ժամանակ ես պարզաբանեցի այս հարցը Վրաստանի վարչապետին», ասել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ Իրանն առաջարկել է հաղորդակցություններն անցկացնել իր տարածքով։ Վրաստանն ու Հայաստանը մերժում են 3+3 նախագիծը։ Վրաստանը պայմանավորում է դա Ռուսաստանի մասնակցությամբ, որն օկուպացրել է իր տարածքները։ Իսկ Հայաստանի ԱԳՆ հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը»՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի՝ Հայաստանի ինքնիշխանության ու ամբողջականության դեմ ուղղված պայմանավորվածության վկայություն է։ ԱԳՆ գտնում է, որ Թուրքիայի առաջարկը լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանային համագործակցությամբ շահագրգիռ երկրների համար, ինչն ընդգծում է այդ երկրների համագործակցության անհրաժեշտությունը։
Արդյո՞ք Հայաստանն ու Վրաստանը համաձայնեցնում են իրենց քայլերը այս հարցում։ Հայ գերիների վերադարձը ԱՄՆ եւ Վրաստանի միջնորդությամբ խոսում է կարեւոր խողովակների եւ ընդանուր շահերի առկայության մասին։
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/06/19/649448/