Մեծ Բրիտանիայի կառավարությունն արձագանքել է Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ իրենց գործողությունները տոնող «ռազմավարի այգի» ստեղծելու Ադրբեջանի որոշմանը և ասել, որ «Մեծ Բրիտանիայի կառավարությունը կաջակցի Հայաստանի կառավարությանը, որը վերականգնվում է անցյալ տարվա հակամարտությունից»: Այս մասին հայտնում է panorama.am-ը։
Այս մասին հայտարարել է Բրիտանիայի՝ Մարդու իրավունքների հարցերով պետնախարար Թարիք Ահմադը՝ ի պատասխան Լորդերի պալատի անդամ Դեյվիդ Ալթոնի նամակի, որը նշել էր, որ ռազմավարի այգին պարզապես խրախուսում ու տոնում է ատելությունը։
«Շնորհակալություն Ադրբեջանում «ռազմավարի այգի» բացելու մասին մայիսի 11-ի ձեր նամակի համար: Ես պատասխանում եմ որպես պետնախարար՝ պատասխանատու մարդու իրավունքների հարցերով:
Միացյալ Թագավորության կառավարությունը տեղյակ է «ռազմավարի այգու» մասին, որը վերջերս բացվել է նախագահ Ալիևի կողմից Բաքվում՝ անցած տարվա Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո: Փետրվարին տարածաշրջան կատարած այցի ընթացքում Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցով նախարարը հորդորեց ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի կառավարություններին՝ զերծ մնալ հռետորաբանությունից և գործողություններից, որոնք կարող են սրել լարվածությունը: Մենք կշարունակենք բարձրաձայնել մեր մտահոգությունները համապատասխան կառավարությունների առջև:
Ես ուզում եմ հավաստիացնել ձեզ, որ Միացյալ Թագավորության կառավարությունը կաջակցի Հայաստանի կառավարությանը, մինչ այն վերականգնում է անցյալ տարվա հակամարտությունից: Մենք կշարունակենք խրախուսել երկու կողմերին էլ առարկայական բանակցություններ վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ խաղաղ, կայուն և ամբողջական բանակցված կարգավորում գտնելու համար»,-ասվում է պատասխան նամակում:
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/06/23/650684/