Անհայտ թռչող օբյեկտները կարող են խնդիրներ ստեղծել ԱՄՆ ազգային անվտանգության համար, ասվում է ԱՄՆ ազգային հետախուզության զեկույցում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Անհայտ թռչող օբյեկտները խնդիր են ներկայացնում թռիչքների անվտանգության ոլորտում եւ կարող են մարտահրավեր հանդիսանալ ԱՄՆ ազգային անվտանգության համար: Անվտանգության ոլորտում հիմնական մտահոգությունն այն է, որ օդաչուները գործ ունեն ավելի ու ավելի ծանրաբեռնված օդային տարածքի հետ»,- ասվում է փաստաթղթում:
Մասնավորապես, սպառնալիք են ներկայացնում չբացահայտված օդային օբյեկտները, որոնք օտարերկրյա հակառակորդներից տեղեկատվություն հավաքելու հարթակներ են, պնդում են հետախուզության սպաները: Նրանք մտահոգված են նաեւ հնարավոր ապացույցներով, որոնք վկայում են, որ թշնամին կարող էր «խափանարար կամ հեղափոխական տեխնոլոգիա» մշակել:
Զեկույցը նշում է ենթադրյալ ՉԹՕ-ի դիտումների 144 դեպք, որոնք չի հաջողվել պատշաճ ձեւով բացատրվել: Միևնույն ժամանակ, միանշանակ եզրակացություններ չկան այդ երեւույթների բնույթի վերաբերյալ, եւ դրանց ուսումնասիրությունը ավելի շատ ժամանակ, ավելի համակարգված մոտեցում եւ զգալի միջոցներ կպահանջի, նշվում է զեկույցում:
Ընդ որում, հետախուզությունն առանձին շեշտում է, որ դիտված որոշ օբյեկտներ, ըստ երեւույթին, շարժվել են աերոդինամիկայի հայտնի օրենքներին հակառակ: Պենտագոնը, ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի օժանդակությամբ, վերլուծություն է անցկացրել եւ չի գտել որեւէ ապացույց, որ ՉԹՕ-ները երկրային հավանական հակառակորդների առաջադեմ տեխնոլոգիաներ են, բայց նաեւ չի բացառել դա:
Զեկույցում նաեւ ասվում է, որ ՉԹՕ-ների ըմբռնումը կարող է խոչընդոտվել սոցիոլոգիական կարծրատիպերի եւ վերահսկողության տեխնոլոգիայի թերությունների պատճառով: Փաստաթղթի հեղինակների կարծիքով՝ այդ երեւույթների ընկալման բարելավումը կարող է նպաստել «դաշնային կառավարության ողջ տարածքում հաշվետվողականության, տեղեկատվության հավաքագրման եւ վերլուծության բարելավմանը, ինչպես նաեւ բոլոր այդպիսի հաղորդագրությունների ստուգման պարզեցված գործընթացին»:
Սա կես դարի ընթացքում առաջին զեկույցն է ՉԹՕ-ի մասին, որն ԱՄՆ հետախուզությունը թողարկում է Կոնգրեսի խնդրանքով: