Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ գյուղատնտեսության ոլորտի ընթացիկ խնդիրների, ոռոգման գործընթացի և բարեփոխման ծրագրերի վերաբերյալ:

Վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի մարզպետները, ոլորտային պատասխատուները, պաշտոնատար այլ անձինք:


Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով գյուղոլորտում առկա իրավիճակի, սակավաջրության ծավալների, ջրամատակարարման գործընթացի, ոռոգման ջրի պահանջարկի բավարարման ուղղությամբ աշխատանքների մասին:

Նշվել է, որ կանխատեսումների համաձայն՝ ջերմային նման բարձր ֆոնը պահպանվելու է ողջ ամռան ընթացքում, ինչը և ազդեցություն է ունենալու ոռոգման գործընթացի վրա: Այս համատեքստում անդրադարձ է եղել ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով անելիքներին:

Առաջնահերթ են համարվել գյուղոլորտում կաթիլային ոռոգման համակարգի ներդրումը խթանող սուբսիդիոն ծրագրերի շարունակական իրականացումը, ջրամբարաշինության ծրագրերի արագ մեկնարկը:

Կարևորվել են ապահովագրական մեխանիզմների կիրարկումը, գերնորմատիվային հողերի քարտեզագրումը, որոնք կնպաստեն ոլորտի բարեփոխմանը: Որպես ռազմավարական անելիք՝ վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է ջրային ոլորտի բարեփոխման անհրաժեշտությունը և հանձնարարել սեղմ ժամկետում ավարտին հասցնել ռազմավարության մշակումը:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ, որը պետք է համակարգված աշխատանք իրականացնի գյուղոլորտի խնդիրներին օպերատիվ արձագանքելու և միաժամանակ ինստիտուցիոնալ լուծումներ, զարգացման տրամաբանությամբ աջակցության ծրագրեր մշակելու ուղղություններով:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է հանրային հաղորդակցության կարևորությունը՝ պատասխանատուներին հանձնարարելով պատշաճ իրազեկում իրականացնել, հանրությանը ներկայացնել իրավիճակը, խնդիրները և լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները: