Բարձրաստիճան պաշտոնատար անձանց (ԲՊԱ) էթիկայի հանձնաժողովը սկսել  է ուսումնասիրել ՀՀ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գույքի եւ եկամուտների աղբյուրների, շահերի բախման ռիսկերի, ներդրումները կառավարելիս պաշտոնական դիրքը եւ լիազորությունների օգտագործման հնարավոր դեպքերի մասին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի դիմումը:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնից հայտնում են, թե հանձնաժողովը նաեւ տեղեկացրել է, որ Երեւանի քաղաքապետ Տ. Մարգարյանը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով, կոնկրետ իրավիճակում շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու անհրաժեշտության մասին պարզաբանում ստանալու նպատակով չի դիմել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով:

Հիշեցնենք, որ ԹԻՀԿ դիմել էր ԲՊԱ էթիկայի հանձնաժողովին՝ խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկատվությունը`

1. Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվե՞լ են արդյոք ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունները Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գույքի եւ եկամուտների աղբյուրների վերաբերյալ, վերլուծվե՞լ եւ համադրվե՞լ են արդյոք նրա եւ նրան փոխկապակցված անձանց հայտարարագրերը մամուլում շրջանառվող տեղեկությունների հետ.

2. Համադրվե՞լ են արդյոք Տարոն Մարգարյանի՝ ԲՊԱ էթիկայի հանձնաժողով ներկայացրած գույքի եւ եկամուտների հայտարարագրերը ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի հետ, ի՞նչ հետեւություններ են արվել.

3. Ուսումնասիրվե՞լ են արդյոք մամուլում տեղ գտած հրապարակումները, եւ եթե այո, դիտարկվե՞լ են արդյոք դրանցից բխող՝ շահերի բախման վերաբերյալ հնարավոր կասկածները: Չե՞ն օգտագործվել արդյոք պաշտոնեական դիրքը եւ լիազորությունները` առաջացնելով շահերի բախման ռիսկ, եւ եթե այո, «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի համաձայն` դիմե՞լ է արդյոք Տարոն Մարգարյանը ԲՊԱ էթիկայի հանձնաժողովին` կոնկրետ իրավիճակում շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ հանդեu գալու անհրաժեշտության մաuին պարզաբանում ստանալու նպատակով: