ԱՄՆ Նյու Ջերսի նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը: Նահանգի Սենատը դատապարտել է Թուրքիային ու Ադրբեջանին Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակչության դեմ ագրեսիայի համար և վերահաստատել Հայոց ցեղասպանության ճանաչումը:
Նյու Ջերսին Արցախի անկախությունը ճանաչած ԱՄՆ 10-րդ նահանգն է: Արցախն էլ Մեծ Հայքի 10-րդ նահանգն է: Այս խորհրդանշականությունից զատ, մի շարք հանգամանքներ ավելի են արժեւորում ճանաչման այս ակտը, որը Հայաստանում սովորաբար թերագնահատում են:
Որոնք են այդ հանգամանքները: Մոսկվա-Բաքու-Անկարա եռյակը համարում է, որ Արցախի հարցը լուծված է, մասնավորապես կարգավիճակի հարց գոյություն չունի: Եռակողմ փաթեթի նոր հավելվածները ենթադրում են «դեմարկացիոն եւ խաղաղության» պայմանագրերի հարկադրումը Հայաստանին, որով փակվում է Արցախի հարցը, ճանաչվում է «ադրբեջանը» որպես պետություն, ինչպես նաեւ հաստատվում է ռուսական կողմից «ռուս-թուրքական նոր սահմանը», թուրքական կողմից՝ «անվտանգության գոտին»: Լավրովը եւ Չավուշօղլուն երեկվա հանդիպմանը հավաստեցին այս պայմանավորվածությունները:
Արեւմուտքը եւ մասնավորապես Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան եռակողմ փաթեթը չեն ընդունում որպես կարգավորում եւ քաղաքական կարգավորման ու մասնավորապես կարգավիճակի քննարկումը պնդում են միջազգային լեգիտիմ ձեւաչափերում: Իր հերթին, Մոսկվան մի ոտքով շարունակում է մնալ Մինսկի խմբում՝ փորձելով եռակողմ փաթեթը «լեգիտիմացնել» այս ձեւաչափում, հրաժարվելով սակայն քաղաքական կարգավորումից եւ դրան վերապահելով հումանիտար գործառույթներ:
Արեւմուտքի համառության պայմաններում Մոսկվա-Բաքու-Անկարա եռյակը փորձում է արագացնել գործընթացները նոր փաստաթղթերը Հայաստանին շանտաժով ու սպառնալիքներով պարտադրելու միջոցով:
Ֆրանսիայի խորհրդարանի զույգ պալատներն ընդունել են Արցախի ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ բանաձեւ: Նման մի բանաձեւ շրջանառվում է ԱՄՆ խորհրդարանում: ԱՄՆ նահանգի ճանաչումն անկասկած ուղերձ է Մոսկվային ու Անկարային առ այն, որ միջազգային ձեւաչափերում խնդրի քննարկումը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կարող է մեկնարկել Արցախի միջազգային ճանաչման գործընթաց:
Հայաստանի խորհրդարանը, ավելի կոնկրետ՝ իշխող մեծամասնությունը նոյեմբերի 9-ից հետո այդպես էլ խորհրդարանական մակարդակով քննարկման առարկա չդարձրեց այս խնդիրները, իսկ իր գործունեության ավարտին հրաժարվեց քննարկել անկախ պատգամավորների ներկայացրած հայտարարության նախագիծը, որը վերաբերում է Արցախի դեօկուպացիային ու կարգավիճակին: Իսկ իշխող մեծամասնության ներկայացուցիչներից մեկը, ով կոչված էր ինտելեկտուալ դեմք տալ այդ մեծամասնությանը, անսպասելի հայտարարություն է արել Սփյուռքի կառույցների գործունեության մասին: Հետաքրքիր է՝ այդ գնահատականը Նյու Ջերսի նահանգի Սենատի որոշմանն է՞լ է վերաբերում:
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/07/01/652392/