Sputnik Արմենիան հայտնում է, որ տղաները հայրենիք վերադարձան Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովի ուղեկցությամբ։ Միաժամանակ աղբյուրը նշում է, որ հենց Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովի ջանքերի շնորհիվ է հնարավոր եղել Բաքվի դատարանի կողմից դատապարտված Հայաստանի 12 քաղաքացիներից բացի ևս երեք ռազմագերիների ընդգրկել ցուցակում: Հենց այդ բանակցությունների պատճառով էլ այսօր ձգձգվել է ինքնաթիռի թռիչքը Բաքվից։
Հայ ռազմագերիներն Ադրբեջանում պահվում էին 2020 թվականի դեկտեմբերի 16-ից սկսած։ Տղաները գերեվարվել էին անցյալ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո` Արցախի Խծաբերդ գյուղից։
Նախօրեին նրանք Բաքվում կես տարվա ազատազրկման են դատապարտվել՝ իբրև թե «Ադրբեջանի պետական սահմանը խախտելու» համար, սակայն արդարացվել են առաջադրված մի շարք այլ հոդվածներով:
Նրանց ազատազրկման ժամկետն ավարտվել է։
Հայ գերիների վերադարձի դիմաց հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցում Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելանի) ականապատ դաշտերի քարտեզները։
Հավելենք, որ այս պահին Բաքվից վերադարձած տղաները բուժզննում են անցնում։