ԱՄՆ տրանսպորտի նախարարությունը վերջնականապես արգելել է ԱՄՆ-ից Բելառուս ավիատոմսերի վաճառքը՝ Ryanair ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով, ասվում է տրանսպորտի նախարարության փաստաթղթում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Արգելվում է վաճառել ԱՄՆ-ից Բելառուս ուղեւորափոխադրող բոլոր ավիատոմսերը, այդ թվում՝ տեղփոխմամբ: Բացառություններ կարող են արվել ԱՄՆ ազգային անվտանգության շահերից:


Այս միջոցառումը հայտարարվել է հուլիսի 2-ին, այդ ժամանակվանից ԱՄՆ վարչակազմի կողմից առարկություններ չեն ստացվել, եւ այն ուժի մեջ է մտնում, ճշտում է Տրանսպորտի նախարարությունը:

Մայիսի 23-ին Աթենքից Վիլնյուս թռնող Ryanair ինքնաթիռը շտապ վայրէջք էր կատարել Մինսկի օդանավակայանում՝ ականի տեղադրման մասին հաղորդագրության պատճառով, որը հետագայում չի հաստատվել: Այդ ինքնաթիռով թռնում էր Բելառուսում ծայրահեղական ճանաչված Nexta Telegram ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասեւիչը: Նա բերման է ենթարկվել փաստաթղթերը ստուգելիս՝ նախկինում նրա դեմ հարուցված քրեական գործերի մի քանի հոդվածներով, այդ թվում՝ «զանգվածային անկարգություններ կազմակերպելու»: Նրան կարող է 15 տարվա ազատազրկում սպառնալ: