«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել արտաքին գործերի նախարարի հնարավոր նշանակման որոշման կայացման մասին: ArmLur.am-ը երեկ գրել էր, որ իշխանությունները վերջնական որոշում են կայացրել, եւ կառավարության ձեւավորումից հետո այդ պաշտոնում կնշանակվի ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, չնայած հիմնական թեկնածուներից էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Մեր տեղեկություններով՝ որոշում է կայացվել, որ Մհեր Գրիգորյանը պետք է շարունակի պաշտոնավարել որպես փոխվարչապետ եւ ՀՀ սահմանային ու անվտանգային հարցերով հենց նա է զբաղվելու: Ավելին, մեր տեղեկություններով՝ հենց Գրիգորյանն էլ առանձնապես ցանկություն չի ունեցել գնալ ԱԳ նախարար:


Սակայն մշուշոտ է մնում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ապագան. նա եւս համարվում էր նախարարի թեկնածու, սակայն նրա գործակալական անցյալը խանգարում է այդպիսի պատասխանատու պաշտոնի նշանակման համար, բացի այդ, մասնակցել է մինչ հեղափոխությունը հակապուտինյան ակցիաներին, ուստի նրա նշանակումը չեղարկվել է:

Եվ չնայած Միրզոյանը մտերիմ շրջապատում տարածել է, թե ինքն է մերժել ԱԳ նախարար նշանակվելու առաջարկը, իրականում այդպես չէ: Նույնիսկ նրա՝ ՌԴ-ու ՀՀ դեսպան նշանակվելու հավանականությունն է փոքր, քանի որ ինչքան էլ Միրզոյանը հիմա ռուսական շրջանակներում ընկերներ ու վստահելիներ է փնտրում, նրան չեն վստահում եղբայրական ՌԴ-ում եւս:

Ի դեպ, հետաքրքիր է, որ Արմեն Գրիգորյանը եւս «նախորդ կյանքում», երբ քաղակտիվիստ էր աշխատում, հակապուտինյան դիրքորոշումներով էր հանդես գալիս, ուստի հետաքրքիր է՝ նրա նշանակումը մեր ռազմավարական եղբոր կողմից ինչպես կընդունվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում