«Ժողովուրդ» թերթը գրում է. «Անցել է երկու ամսից ավելի, ինչ ադրբեջանական կողմը երեք ուղղություններով առաջ է եկել Հայաստանի սահմանին և հեռանալ ամենևին չի պատրաստվում: Ավելին՝ նրանք այլ ուղղություններով ամրանալու փորձեր են իրականացնում: Դրա վառ ապացույցը երեկ տեղի ունեցած միջադեպն է:
Մասնավորապես, երեկ առավոտյան հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող:
Ավելի ուշ էլ հայտնի դարձավ, որ անհետ կորել է երկու զինծառայող, որոնք եղել են առանց զենքի: Եվ մինչ թշնամին Հայաստանի սահմաններին է, իշխանությունները զբաղված են Սյունիքի համայնքապետերի նկատմամբ հաշվեհարդարներով:
Քաղաքական հետապնդումների գործընթացը սկսվեց ընտրություններից հետո, և ի՞նչ ունենք 3 շաբաթ անց. Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը կալանավորված է, Մեղրու համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը կալանավորված է, միջնորդություն է ներկայացվել նաև Մեղրու համայնքապետի տեղակալին և համայնքապետարանի գլխավոր մասնագետին կալանավորելու մասին, Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին կալանավորելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը ներկայացվել է ԿԸՀ, Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին մոտ 15 մեղադրանք է առաջադրված, Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը կալանավորված է, Որոտանի վարչական ղեկավար Սուրեն Օհանջանյանը կալանավորված է, Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանը կալանավորված է:
Երեկ էլ պարզ դարձավ, որ թիրախում է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը, որի բաժնետեր Վահե Հակոբյանը հանդիսանում է «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, որի անդամներն են համայնքապետերը։
Իսկ թե ինչու է Հայաստանում տիրում այս իրավիճակը, դժվար չէ կանխատեսել: Փորձագիտական շրջանակներում երկար ժամանակ տարածվում են խոսակցություններ, որ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վերընտրվել է, և դեռ ՍԴ վճիռը չկայացված՝ շնորհավորանքներ է ստանում, քանի որ աշխարհին խոստումներ ունի տված:
Խոստումներից առաջինը ռուսական սահմանապահներին Գեղարքունիքից մինչև Սյունիք տեղակայելն է, երկրորդը՝ պետք է իրականացնի սահմանազատում և վերջնականապես լուծի անկլավների հարցը՝ Տիգրանակերտը տալով Արծվաշենի փոխարեն և այլն ու դրանով վերջնականապես փակելով նաև Արցախի թեման:
Եվ երրորդ՝ նա պարտավորություն ունի կոմունիկացիաները բացել և կնքել խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, և դրա գինը լինելու է ճանապարհների ապաշրջափակումը:
Եվ հիմա պարզ է, որ այս գործընթացներով Ալիևը փորձում է արագացնել իր պլանները, որոնք Նիկոլ Փաշինյանը խոստացել է իրագործել:
Ու այսքանից հետո հարց է առաջանում. եթե Փաշինյանն այսքան սիրով և հանդուրժողականությամբ կատարում է Ալիևի պահանջները, ապա մոտ 5 հազար զոհ ու հազարավոր անհետ կորածների կյանքը հանուն ինչի՞ զոհաբերվեց»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում