Մի քանի օր է ՀՀ Արարատի մարզի Երասխի հատվածում Բաքուն չի դադարեցնում գնդակոծությունները: Երեկ՝ Ալիեւի Մոսկվա այցի նախօրեին, դրանք ավելի ինտենսիվ են դարձել, կիրառվել են նաեւ ականանետներ: Վիրավորվել է Երասխի գյուղապետը: Բաքվի զինված գործողությունները հաճախակի են դարձել նաեւ ՀՀ այլ հատվածներում:

Նկատելի է Հայաստանի վրա ճնշման ուժգնացումը թե քարոզչական, թե Մոսկվայի պրոքսի գործիքի՝ Բաքվի ելուզակային հարձակումների տեսքով: Փաշինյանի հետ հանդիպմանը Պուտինի նշած «ցավոտ որոշումները» վերաբերում են թե մակերեսին գտնվող խնդիրներին՝ սահմանանշում ու սահմանագծում, «հաղորդակցությունների ապաշրջափակում», այսպես կոչված խաղաղության պայմանագիր եւ այլն, թե Հայաստանի տարածքի վրա Լավրովի պլանի ընդլայնված կիրառմանը՝ «անվտանգության միջանցքներով» Հայաստանի մասնատման ու ինքնիշխանությունը վերացնելու ուղղությամբ:

Երասխի հատվածում Բաքվի ներխուժման փորձերը Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում կիրառված մարտավարության շարունակությունն են: Այդ հատվածները պատահական չեն ընտրված եւ ճշգրիտ համընկնում են Լավրովի պլանով նախատեսված «միջանցքներին»: Հաղորդակցությունների ապաշրջափակում որպես այդպիսին գոյություն չունի, խոսքն այդ միջանցքների մասին է:


Մոսկվան գծում է ռուս-թուրքական «նոր սահմանը» Խոզնավար-Սոթք գծով, որը նրա ռազմական ներկայության ճակատային գիծն է եւ որը պետք է ապահովի Ռուսաստանի համեմատաբար անվտանգ նահանջը տարածաշրջանից: Այս խնդրին Լրագիրը բազմիցս անդրադարձել է: Սյունիքի մարզով երկու՝ Մեղրիի ու Սեւ լճի շրջանում, Գեղարքունիքով եւ Երասխով նախատեսվում են միջանցքները: Երասխը հանգուցային կետ է այլ տեսակետից եւս՝ Սյունիքի օտարման ռուս-թուրքական պլաններն իրագործելու, Հյուսիս-հարավ տրանսպորտային նախագիծը թույլ չտալու, Հայաստանն Իրանից կտրելու հարցում:


Հիմա շատերին է հասկանալի, որ Բաքուն նման քայլերի չէր գնա առանց Ռուսաստանի հովանավորության ու առաջնորդության: Կրեմլը Հայաստանի դեմ կիրառում է նույն մեթոդոլոգիան, ինչ Ուկրաինայի պարագայում, պարզապես այնտեղ արանքում «ադրբեջան» չկա: Ռուսական պլանների ու «ադրբեջանի» լեգիտիմացման միակ տարբերակը Երեւանի ստորագրությունն է: Մոսկվան ու Բաքուն շտապում են, եւ դատելով Ալիեւի մոսկովյան այցի նախօրեին ռուսական ու Բաքվի զլմ-ներում ծավալված քարոզչությունից, Հայաստանի դեմ նոր հարված է նախապատրաստվում՝ այդ ստորագրությունը կորզելու համար:

Հայ քաղաքական շրջանակներն ու մեդիան դեռ վախենում են տալ Ռուսաստանի անունը, որի պատճառով էլ իրավիճակի մեկնաբանությունները դառնում են հակասական ու երբեմն անհեթեթ: Իրերը պետք է իրենց անունով կոչել, ինչն ամեն ինչ դնում է տեղը: Եվ պետք է սկսել հետեւյալից. չկա «ադրբեջանա-թուրքական ագրեսիա», կա ռուս-թուրքական ահաբեկչական-հակաքաղաքակրթական արշավ Հայաստանի դեմ, որի գործիքը «ադրբեջանն» է: Իրավիճակի ճիշտ ընկալումը կախված է եզրաբանության ճշգրտումից, ինչն էլ Հայաստանի պահանջները կդարձնի իրական ու ընկալելի աշխարհի համար:

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/07/20/656147/