Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում մոտ 4 ժամ ծանր զինատեսակներից կրակոցներ են հնչել։ Այս մասին ասաց Կութի համայնքապետ Սիմա Չիտչյանը։
«Զինատեսակները հստակ չեմ տարբերում, բայց ավտոմատի կրակոցներ չէին, ուրիշ զենքեր էին, ծանր զենքեր էին։ 21։30-ից մինչեւ 00։30 տեւեց կրակոցները։ Ինտենսիվ կրակոցներ էին»,- ասաց գյուղապետը։
Նա ասաց, որ հայկական կողմից պատասխան նույնպես եղել է. «Մութ էր, բայց տեսնում էինք, որ մերոնք էլ պատասխանում էին։ Բայց չեմ կարող ասել՝ օդ էին կրակում, թե դիրքից դիրք։ Ամեն դեպքում բոլոր դիրքերից էլ կրակոցներ հնչել են»։
Նշենք, որ մի քանի օր է՝ լարված իրավիճակ է նաեւ հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում։ Հուլիսի 19-ի ուշ երեկոյան եւ 20-ի գիշերը, մինչեւ ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:
Մի քանի ժամ տեւած ինտենսիվ փոխհրաձգության հետեւանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։